Ցուցարարները հայտարարեցին, որ եթե առաջիկա 2 օրերին իրենց խնդիրը չլուծվի, անժամկետ փակելու են միջպետական մայրուղին։
Կառավարության նիստից հետո նրանց մոտեցավ Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանը։ Լսեց գյուղացիներին:
«Մի ստիպեք, որ մենք գնանք հանցագործության: Այսինքս՝ ուրիշի հավի ձուն գողանամ, որ ուտեմ ապրեմ։ Խնդրում եմ մեր գումարը: Էս բոլորս գյուղացիներ ենք, եկել ենք մեր գումարի համար: Ուրիշ ոչ մի բան», - նախարարին ասաց ցուցարարներից մեկը:
«Որպես նախարարություն, էսօր ես գործիք չունեմ, որպեսզի իրան ստիպեմ էդ փողը տա: Բայց մենք ունենք այլ գործիքներ: Եթե չվճարեն շատ արագ, ուրեմն կսկսենք ստուգումներ իրենց մոտ», - արձագանքեց Առաքելյանը և ցուցարարներին հրավիրեց նախարարություն, որպեսզի հանդիպեն մթերող գործարանի սեփականատիրոջ հետ։
Նախարարի խոսքերը, սակայն, գյուղացիները թերահավատորեն ընդունեցին։ Ասացին՝ այլևս որևէ պաշտոնյայի չեն հավատում, քանի որ բոլորն էլ եկել, խոստումներ են տվել և գնացել։
«Եթե իրան նուրբ ու քնքուշ ասեք, ինքը չի տալու փողը: Նորից մենք խաբվելու ենք: Ամեն անգամ մեզ խաբել են, մեզ քցել են, մեզնից գողացել են», - վրդովվեց ցուցարարներից մի երիտասարդ:
Ի պատասխան նախարարը խոստացավ․ - «Էդ հարցը լուծվելու է»:
Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին անցկացնում նաև «Նաիրիտ»-ի աշխատկիցները՝ պահանջելով վերագործարկել քիմիական գործարանը։
«Իշխանությունների կողմից չի արվում ոչինչ «Նաիրիտ»-ը վերագործարկելու համար: Արվում է հակառակը․ արվում են քայլեր՝ ծրագրեր մերժելու, ներդրողին վանելու համար»:
Նրանք նաև բողոքի երթով գնացին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն։ Նորանշանակ նախարար Սուրեն Կարայանն ընդունել է նրանց և ասել, որ պատրաստ են համագործակցել ցանկացած ներդրողի հետ։
Ինչ վերաբերում է «Նաիրիտ»-ում ներդրում անելու ցանկություն հայտնած Աշոտ Գրիգորյանին, նախարարը, նաիրիտցիների փոխանցնամբ, ասել է, որ նա ծրագիր չունի․ - «Մենք էս ծրագրով խնդրել էինք հատուկ արտոնություններ տալ «Նաիրիտ»-ին, ինչը պահանջում էր նաև Աշոտը Գրիգորյան: Ինքը պատրաստ ա ամեն գնով վերցնելու, վերագործարկելու»:
Կառավարությունը, ըստ նաիրիտցիների, ո՛չ հաստատել, ո՛չ էլ մերժել է Աշոտ Գրիգորյանի ծրագիրը, ով անցած շաբաթ հայտարարել է, թե պատրաստ է 100 մլն դոլարի ներդրում անել, եթեգործարանն իրեն մեկ դոլարով վաճառեն։