Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր»-ից Արամ Մանուկյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքը մերժվեց


Արամ Մանուկյան
Արամ Մանուկյան

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Սասնա ծռեր»-ի անդամ Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի՝ խափանման միջոցի հարցով բողոքը։

Հուլիսի 17-ի վաղ առավոտյան Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի երիտասարդ անդամի պաշտպանները Վերաքննիչ դատարանում բողոքարկում էին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու մասին։

Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ վերաքննիչ դատարանի որոշումն ապօրինի է և այն բողոքարկելու են վճռաբեկ ատյանում։

Պետրոսյանը նշեց, որ դատարանն, ինչպես «Սասնա ծռեր»-ի մյուս անդամների դեպքում, վերահաստատեց նախաքննական մարմնի դիրքորոշումն, ըստ որի, ազատության մեջ գտնվելով նա կխոչընդոտի նախաքննությանը։

Արամ Մանուկյանը, ինչպես նաև հայրը՝ Պավել Մանուկյանը և «Սասնա ծռեր»-ի ևս 6 անդամներ դեռևս գտնվում են Դատապարտյալների հիվանդանոցում։ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից նրանք դուրս էին եկել հրազենային ծանր վիրավորումով, տեղափոխվել «Էրեբունի» հիվանդանոց, այնուհետև՝ Դատապարտյալների հիվանդանոց։ «Սասնա ծռեր»-ից և ոչ մի անդամ մեղքը չի ընդունում։

Զինված խմբի անդամների մի մասը մեղադրվում է պատանդ վերցնելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, կրելու և փոխադրելու, մյուս մասը՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, կրելու, փոխադրելու և շենք-շինություններ զավթելու հոդվածներով։

Հիշեցնենք, ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին 3 ոստիկան զոհվեց։ Նախաքննական մարմինը քննում է նաև նրանց սպանության հանգամանքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG