«Հարավային Կովկասն ապասառեցվում է»` այսպես է վերնագրել միջազգային հարաբերությունների վերլուծությամբ զբաղվող Foreign Affairs հեղինակավոր հանդեսը տարածաշրջանին նվիրված իր հրապարակումը: Հոդվածի հեղինակը Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրերի գծով փոխտնօրեն Ջեֆրի Մանկոֆն է:
Ամերիկացի վերլուծաբանի համոզմամբ` վերջին ամիսներին Հարավային Կովկասում զգալի փոփոխություններ են տեղի ունենում, որոնց ամենաառարկայական վկայությունը ապրիլյան պատերազմն էր:
«Ապրիլին բռնությունները հասան մի մակարդակի, որն աննախադեպ էր 90-ականներից ի վեր: Հակամարտության սկիզբը ադրբեջանական ուժերի կողմից շփման գծի երկայնքով իրականացված հարձակումն էր: Ադրբեջանական կողմը, ճիշտ է, հայտարարում էր, թե հակադարձել է հայկական ուժերի սադրանքներին», - նշում է ամերիկացի փորձագետը` հավելելով, որ ադրբեջանցիների կողմից հայկական մի քանի հենակետերի գրավումը «սահմանափակ ռազմավարական կարևորություն ուներ»:
«Ռազմական գործողությունները նախազգուշացում էին առ այն, որ վերջին երկու տասնամյակների համեմատական անդորրը կարող է հարատև չլինել: Տեղի ունեցածը նախևառաջ վկայեց, որ տարածքային փոփոխությունների կարելի է նաև ուժով հասնել», - նշում է Foreign Affairs-ի հոդվածագիրը:
Ջեֆրի Մանկոֆի կարծիքով, Ադրբեջանը կարող է առաջիկա ամիսներին շարունակել օգտագործել երկրում ծագած ազգայնական ալիքը` Լեռնային Ղարաբաղում ձեռք բերած առավելությունն ընդգծելու և հանրության ուշադրությունը տնտեսական խնդիրներից շեղելու համար: Հայաստանում էլ, ըստ վերլուծաբանի, ապրիլյան պատերազմը երկու հիմնական զգացողություն է առաջացրել` «վրեժխնդրության ցանկություն և դժգոհություն Ռուսաստանից»:
Իսկ ապրիլյան կոնֆլիկտի արդյունքում քաղաքական դիվիդենտներ շահած գլխավոր ուժը, ըստ Foreign Affairs հանդեսի, հենց Ռուսաստանն է:
Ամերիկացի վերլուծաբանի համոզմամբ` ապրիլի 5-ին ռուսների միջնորդությամբ ձեռք բերված հրադարարը և բանակցային գործընթացի հետագա ակտիվացումը եկան վկայելու, որ «Ռուսաստանը շատ ավելի մեծ շահագրգռություն և լծակներ ունի տարածաշրջանում, քան Ֆրանսիան կամ Միացյալ Նահանգները»:
«Ռուսաստանի ուղերձը Բաքվին հետևյալն է` միայն Մոսկվան բավարար ազդեցություն ունի Հայաստանի վրա` այնպիսի համաձայնագրի կնքմանը հասնելու համար, որի արդյունքում Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքների գոնե մի մասը կվերադարձվի Ադրբեջանին: Այս հեռանկարը գրավիչ է ադրբեջանցի իշխանավորների համար: Նրանք, սակայն, մտավախություն ունեն, թե ինչ կարող է Մոսկվան պահանջել դրա դիմաց»,- գրում է վաշինգտոնցի հետազոտողը` մանրամասնելով․ - «Հավանական է, որ Բաքվից պահանջեն մաս կազմել Եվրասիական տնտեսական միությանը կամ էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Երևանցի պաշտոնյաներն էլ մտավախություն ունեն, որ Ռուսաստանը կարող է պահանջել վերադարձնել 90-ականներին գրավված տարածքները` փոխարենը շատ քիչ բան տալով»:
Ջեֆրի Մանկոֆի խոսքով, սակայն, կա մի հեռանկար, որին հավասարապես դեմ են թե՛ Երևանը և թե՛ Բաքուն: Խոսքը Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների տեղակայման մասին է:
«Ապրիլյան պատերազմը կարգավորման գործընթացից Հայաստանում և Ադրբեջանում տիրող հիասթափության վկայությունն էր: Խորհրդային Միության փլուզումից հետո անցած 25 տարիներին Հարավային Կովկասը բավական մեծ թվով դրամատիկ իրադարձությունների ականատեսն է եղել: Առկա նախանշանները, սակայն, վկայում են, որ առաջիկա տարիներին այս տարածաշրջանում նոր ցնցումներ են լինելու», - գրում է Foreign Affairs հանդեսը: