Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին կոչ է անում իր կողմնակիցներին բոյկոտել ընտրությունների երկրորդ փուլը


Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում, 8-ը հոկտեմբերի, 2016թ․
Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում, 8-ը հոկտեմբերի, 2016թ․

Վրաստանում շաբաթ օրը կայացած խորհրդարանական ընտրություններից երեք օր անց քաղաքական դաշտի գլխավոր ինտրիգը մեկն է` ինչ հետընտրական մարտավարություն է որդեգրելու Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունը:

Նախկին նախագահի կողմնակիցները համամասնական ընտրակարգով շուրջ 27 տոկոս քվե ստացան, ինչը բավարար է, որպեսզի Ազգային միացյալ շարժումը հաջորդ գումարման վրացական խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունը ձևավորի` ընտրություններում հաղթած «Վրացական երազանք»-ից հետո: Առավել անորոշ է մոտ հինգ տասնյակ մեծամասնական ընտրատարածքներում ընտրությունների երկրորդ փուլի ճակատագիրը, որտեղ միմյանց դեմ են պայքարելու «Վրացական երազանք»-ի և Ազգային միացյալ շարժման պատգամավորության թեկնածուները:

Ընդդիմադիր կուսակցության կողմնակիցների շարքում անորոշության զգացումը աճեց նախկին նախագահ, այժմ Օդեսայի նահանգապետի պաշտոնը զբաղեցնող Միխեիլ Սաակաշվիլիի տեսաուղերձից հետո, որը տեղադրվել էր Վրաստանի նախկին ղեկավարի ֆեյսբուքյան էջում:

«Ընտրությունների երկրորդ փուլին մեր կուսակցության թեկնածուների մասնակցության մեջ ես որևէ իմաստ չեմ տեսնում: Այդ քայլով մենք լեգիտիմություն կհաղորդենք շատ լուրջ խախտումներով անցկացված ընտրություններին», - հայտարարում էր Սաակաշվիլին` պնդելով, թե Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզապես հրապարակել է այն տվյալները, որոնք «նկարվել էին Բիձինա Իվանիշվիլիի կողմից»:

Ամենաուշագրավը, սակայն, այն է, որ Ազգային միացյալ շարժումը իր 15-ամյա գոյության ընթացքում թերևս առաջին անգամ միանշանակորեն հակադրվեց Միխեիլ Սաակաշվիլիին: Կուսակցության մի շարք ղեկավար անդամներ նախկին նախագահի կոչի հրապարակումից հաշվված ժամեր անց հայտարարեցին, որ ընտրությունների երկրորդ փուլը բոյկոտելու մարտավարությունը սխալ են համարում:

Կուսակցության համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Բաքրաձեն երկուշաբթի երեկոյան Ազգային միացյալ շարժման կենտրոնական գրասենյակում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարում էր․ - «Քաղաքական իրականությունը հետևյալն է` Ազգային միացյալ շարժումը Վրաստանի թիվ մեկ ընդդիմադիր ուժն է: Ավելին` Ազգային միացյալ շարժումը այս պահին Վրաստանում գործող միակ արևմտամետ քաղաքական ուժն է: Այդ իսկ պատճառով, ես հստակորեն կարող եմ ասել` մենք քաղաքական դաշտից հեռանալու մտադրություն չունենք, մեր պայքարը շարունակվում է»:

Կուսակցության մի շարք առաջատար անդամներ ևս կտրուկ հակադարձեցին Սաակաշվիլիին: Ընտրություններից երկու օր առաջ մահափորձի թիրախ դարձած Գիվի Թարգամաձեն հայտարարեց, որ «ընտրությունների երկրորդ փուլից հրաժարումը կհանգեցնի կուսակցության ինքնամեկուսացման»:

«Ազգային միացյալ շարժումը պետք է մասնակցի նորընտիր խորհրդարանի աշխատանքներին: Բոյկոտը կարող է լրջորեն վնասել պետությանը», - հայտարարում է կուսակցության ազդեցիկ անդամներից ևս մեկը` Թբիլիսիի կենտրոնում առաջադրված և երկրորդ փուլ անցած Ելենե Խոշտարիան:

Բոյկոտի գաղափարը կարծես մեծ ոգևորություն չի առաջացնում անգամ Միխեիլ Սաակաշվիլիի կնոջ` Զուգդիդիում ընտրությունների երկրորդ փուլ անցած Սանդրա Ռուլոֆսի մոտ:

«Պայքարը չի ավարտվել: Զուգդիդիի ընտրատարածքում ես հաղթել եմ: Իմ ունեցած նախնական տեղեկություններով՝ մենք կարողացել ենք հաղթել անգամ իմ մրցակցի հայրենի գյուղում», - «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշում էր նախկին առաջին տիկինը:

Ի վերջո Ազգային միացյալ շարժումը կհետևի Սաակաշվիլիի կոչին` բոյկոտելով ընտրությունների երկրորդ փուլը, թե՝ ոչ, պարզ կդառնա այսօր ուշ երեկոյան, երբ կմեկնարկի կուսակցության քաղաքական խորհրդի նիստը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG