Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է հոկտեմբերի 19-ին նախատեսված Փարիզ այցից: Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրները Ֆրանսիայում, Պուտինը նման որոշում է կայացրել՝ տեղեկանալով, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր չէ իր հետ քննարկել այլ հարցեր՝ բացի սիրիական Հալեպ քաղաքում տիրող իրավիճակից:
Օրերս հաղորդվեց, որ Ֆրանսիան պատրաստվում է դիմել Միջազգային քրեական դատարան՝ խնդրելով հետաքննել Հալեպի արևելյան շրջաններում Սիրիայի և Ռուսաստանի զինված ուժերի ռազմական հանցագործությունները:
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարի Էրոն, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հալեպի հարցով ֆրանսիական բանաձևի նախագիծը Ռուսաստանի կողմից վետոյի ենթարկելուց հետո, հայտարարել էր, որ Ֆրանսուա Օլանդը եթե հանդիպի էլ Վլադիմիր Պուտինի հետ, ապա՝ «ոչ սիրալիր խոսքեր փոխանակելու համար»: