Մատչելիության հղումներ

Բալասանյանը՝ Գյումրիի քաղաքապետ. ընդդիմադիր երեք ուժերը բոյկոտեցին ավագանու նիստը


Սամվել Բալասանյանն ավագանու անդրանիկ նիստի ժամանակ, 10-ը հոկտեմբերի, 2016թ.
Սամվել Բալասանյանն ավագանու անդրանիկ նիստի ժամանակ, 10-ը հոկտեմբերի, 2016թ.

Գյումրիի նորընտիր ավագանին այսօր գումարեց առաջին նիստը, սակայն ոչ լիարժեք կազմով:

Ավագանու կազմ ընդգրկված 4 քաղաքական ուժերից 3-ը՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ» և ԳԱԼԱ կուսակցությունները, ինչպես նախօրոք հայտարարել էին, բոյկոտել էին նիստը և հրաժարվում են մանդատաներ վերցնել: Այս կուսակցությունները մանդատների բաշխման վերաբերյալ ընտրատարածքային հանձնաժողովի կայացրած որոշումը վիճարկելու են նախ Վարչական, այնուհետև Սահմանադրական դատարանում:

Ավագանու 17 մանդատ ստացած «Բալասանյան» դաշինքը ավագանու 17 անդամով գումարեց նիստը, ու քանի որ դաշինքը 50 տոկոսից ավելի տեղեր ուներ՝ դաշինքի ցուցակի առաջին համարը՝ Սամվել Բալասանյանը, օրենքի ուժով հռչակվեց համայնքի ղեկավար:

Գյումրիի նորընտիր քաղաքապետը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ խոստանալով խոսել առաջիկա օրերին: Քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո նա ավագանու անդամների ուղեկցությամբ գնաց Շիրակի թեմի առաջնորդի օրհնությունը ստանալու:

Միքայել եպիսկոպոս Աջապահյանը շնորհավորեց, իր խոսքում անդրադարձավ ստեղծված վիճակին․ - «Պետք չէ խռովածի կեցվածք ունենալ՝ ոչ այս կողմը, ոչ այն կողմը: Քաղաքական պայքար է, վշտացածություն կարող է մեկը ունենալ՝ պետք է հաղթահարել, և երկուստեք պետք է հաղթահարել: Ես պատրաստ եմ մյուս կողմին էլ ընդունելու և զրուցելու, իմ հայրական, եղբայրական հորդորը տալու, եթե իրենք ցանկությունը կունենան այստեղ հանդիպման, որպեսզի ես փորձեմ այս ճգնաժամային վիճակը լուծելու ի շահ մեր քաղաքի, որովհետև բնավ հաճելի չէ, որ այսպես երկփեղկվածություն առաջանա քաղաքում»:

Սամվել Բալասանյանն էլ անդրադարձավ ավագանու նիստը բոյկոտող ուժերին, ասելով, թե նրանց մեջ կան մարդիկ, ովքեր հենց իրենք են ընդունել այդ օրենքը՝ թող ուշադիր լինեին․ - «Այսօր եթե ինչ-որ հակասություն կա, կան համապատասխան մարմիններ՝ դատարան, Սահմանադրական դատարան․․․ կարող են դիմել: Բայց քաղաքի շահերից չի բխում այդ ամենը, թող այս լարվածությունը թուլանա, որովհետև գեղեցիկ չէ: Ես էլ եմ հորդորում, որպեսզի ամեն ինչ՝ բողոքարկման ճանապարհ, և այլն, բայց չխանգարի քաղաքի անդորրին, որովհետև առանց այդ էլ մեր նյարդերը այս նախընտրական քարոզարշավի շրջանակներում բավականին լարվեցին: Նորից եմ հորդորում, անենք այն, ինչ-որ օրենքի սահմաններում է, որովհետև օրենսդիր մարմնի մարդիկ են, որոնք էսօր բողոքարկում են իրենց ընդունած օրենքի դեմ: Սա, իհարկե, տրամաբանական չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG