Շուրջ մեկ շաբաթ տևած բանակցություններից հետո Վանաձորի ավագանու կազմում ընդգրկված երեք ընդդիմադիր ուժերն այսօր ստորագրեցին համաձայնության հուշագիր, որով պարտավորվում են նորընտիր ավագանու առաջին նիստին պաշտպանել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանին:
Բացի այս, ընդդիմադիր ուժերը ստանձնում են քաղաքի կառավարման պատասխանատվությունը, մասնավորապես, «Հայկական վերածնունդ»-ը ներկայացնում է քաղաքապետի առաջին տեղակալի թեկնածուին, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ երկրորդ տեղակալի թեկնածուին:
Հուշագրի համաձայն, ուժերը պարտավորվում են Վանաձորում իրականացնել թափանցիկ, հաշվետու, մասնակցային կառավարում:
Հուշագիրը ստորագրեցին «Լուսավոր Հայաստա»-ից Մանե Թանդիլյանը, «Հայկական վերածնունդ»-ից Մհեր Շահգելդյանը, «Բարգավաճ Հայաստան»-ից Վահե Էնֆիաջյանը, ապա նորընտիր ավագանու անդամները:
Վահե Էնֆիաջյանի խոսքով, այս փաստաթուղթը թույլ կտա օր առաջ լուծել վանաձորցիների առջև տարիներ շարունակ ծառացած խնդիրները: Կուսակցության անունից վստահեցրեց՝ վճռական են տրամադրված և գնալու են մինչև վերջ:
«Իրականում այս քայլի մեջ մեծ քաղաքական բովանդակություն և պարունակություն կա, և այս նոր քաղաքական մշակույթը կարող է իրոք նոր մի հատ ծիծեռնակ, լավ առումով, հանդիսանալ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում առհասարակ այդքան շատ սպասված փոփոխությունները կարողանալ քայլ-քայլ արձանագրել։ Եվ քանի, որ սա իրավական մասն է այնուամենայնիվ և հիմնական արտացոլումը առաջիկայում է լինելու, ես մեր քաղաքական ուժի անունից վստահեցնում եմ, որ մենք այս հարցի շուրջ սկզբունքայնորեն տրամադրված ենք և վճռական քայլերով քայլելու ենք առաջ», - հայտարարեց Էնֆիաջյանը։
Հուշագրի ստորագրումը կարևոր իրադարձություն համարող Մհեր Շահգելդյանը կարծում է՝ առաջին հերթին վանաձորցիների պահանջն են կատարել: Նա համոզված է, որ միասին գործելով նպաստելու են Վանաձորի զարգացմանը:
«Սա մեկտեղում է, համատեղում է, կոնսոլիդացնում է ուժերը Վանաձորը զարգացնելու համար և զարգացնելու համար ռազմավարական մոտեցումներով, ազնիվ խաղի կանոններով և սա հնարավորություն կտա, իմ համոզմամբ, ներդրումներ բերել։ Եթե ներդրողները վստահ և համոզված լինեն, որ իրենք պաշտպանված են լինելու, որ իրենք կորուստներ չեն ունենալու հանիրավի մարդիկ կգան», - ասաց ՀՎԿ-ի ներկայացուցիչը։
Համաձայնագրի ստորագրումից հետո Շահգելդյանն, անդրադառնալով խոսակցություններին, թե փակ քվեարկության ժամանակ հնարավոր է այլ պատկեր լինի, իր կուսակցության անունից հստակեցրեց. - «Ես կարծում եմ, որ մենք բոլորս համոզված ենք, ես խոսում եմ հատկապես մեր կողմից, որ սա բարոյականության խնդիր է, հստակ սեփական դիրքորոշումները պահելու խնդիր է և մենք այդ դիրքորոշումները պահելու ենք և գնալու ենք առաջ։ Բոլորիս համար սա շատ հստակ է»։
Թեև ընդդիմադիր ուժերն արդեն իսկ ստորագրել են համաձայնագիրը, այնուամենայնիվ Մանե Թանդիլյանը չի շտապում արձանագրել հաջողությունը:
«Պարզ է, որ Հանրապետականը չի ուզում կորցնել հանրապետության երրորդ քաղաքը, և նաև տրամաբանական է, որ դա պետք է տեղի ունենա, ինչևէ դրա համար մենք առաջ չենք ընկնում ժամանակից և սպասում ենք երկուշաբթի օրվա ընտրություններին, արդյունքները պարզ կլինեն այդ օրը, և եթե մենք կարողանանք նաև այդ փուլում իսկապես հենց ընտրության միջոցով ֆիքսել այսօրվա հուշագրի փաստը, մենք կկարողանանք ունենալ Վանաձորում ըննդիմադիր Հանրապետական կուսակցություն», - ասաց Թանդիլյանը։
Առաջիկա երկուշաբթի օրը տեղի կունենա նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում ավագանու անդամները փակ քվեարկությամբ կընտրեն քաղաքապետին: