«Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ» և ԳԱԼԱ կուսակցությունները համատեղ հայտարարություն ստորագրեցին՝ հայտարարելով, որ եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշեն, որ իշխանական«Բալասանյան» դաշինքը ՏԻՄ ընտրությունների արդյունքում պետք է ստանա Գյումրու ավագանու մանդատների մեծամասնությունը՝ 17 մանդատ, ապա իրենք վիճարկելու են այդ որոշումը դատական բոլոր ատյաններում:
Կուսակցությունները հայտարարեցին նաև, որ եթե, այդուհանդերձ, «Բալասանյան» դաշինքը ստանա 17 մանդատ, ապա ավագանու անդամ ընտրված իրենց ներկայացուցիչները բոյկոտելու են ավագանու նիստերը:
«Ոչ մի մանդատ չենք զիջելու», - հայտարարեց «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Հովհաննես Մարգարյանը:
Կուսակցությունների պնդմամբ, Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքներով, «Բալասանյան» դաշինքը ստացել է 15, «Բարգավաճ Հայաստանը»՝ 9, «Հայկական վերածնունդը»՝ 5, ԳԱԼԱ կուսակցությունը՝ 4 մանդատ: Մինդեռ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ «Բալասանյան» դաշինքը ստացել է 17, «Բարգավաճ Հայաստանը»՝ 8, «Հայկական վերածնունդ» և ԳԱԼԱ կուսակցությունները 4-ական մանդատ:
Հայտարարությունը ստորագրելուց հետո քաղաքական ուժերը իրենց աջակիցների հետ երթ անցկացրին դեպի Գյումրու Թատերական հրապարակ: