Վրաստանում հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրություններից հաշվված օրեր առաջ իրադրությունը շարունակում է սրվել: Երեկ ուշ երեկոյան Թբիլիսիի կենտրոնում պայթեցվեց ընդդիմադիր Ազգային միացյալ շարժումը ներկայացնող պատգամավորներից մեկի` Գիվի Թարգամաձեի ավտոմեքենան: Հարձակման հետևանքով հինգ մարդ է վիրավորվել, այդ թվում՝ պատահական անցորդներ: Ինքը Թարգամաձեն գրեթե չի տուժել` չհաշված մի քանի քերծվածքները:
Ընդդիմադիր պատգամավորի դեմ հարձակումից քիչ անց հատուկ հայտարարությամբ հանդես եկավ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: «Այն, ինչ տեղի ունեցավ այս երեկո Թբիլիսիում, ոչ միայն պետության դեմ ուղղված հանցագործություն էր, այլև Վրաստանի թշնամիների կողմից կազմակերպված սադրանք, որի նպատակն էր ապակայունացնել դրությունը երկրում՝ գալիք ընտրություններից առաջ: Ես դիմում եմ այս սադրանքի կազմակերպիչներին ու հեղինակներին՝ դուք ամենախիստ պատիժն եք կրելու, և անձեռնմխելիությունը կամ օտարերկրյա քաղաքացիությունը ձեզ չեն պաշտպանի», - հայտարարում էր վրացական կառավարության ղեկավարը:
Ազգային միացյալ շարժման ղեկավարները օտարերկրյա քաղաքացիության մասին Կվիրիկաշվիլիի հայտարարության մեջ հնչած հիշատակումը ընկալեցին որպես թափանցիկ ակնարկ Վրաստանի նախկին նախագահ, այժմ Օդեսայի նահանգապետի պաշտոնը զբաղեցնող Միխեիլ Սաակաշվիլիի հասցեին:
«Սա հստակ կազմակերպված, մտածված ուղերձ է դավադրության մասին, երբ զոհին որպես մեղավոր են ներկայացնում: Մարդը իրեն վարչապետ է անվանում, շատ լավ հասկանում է, որ որևէ բան երկրում չի որոշում, բայց հանդես է գալիս նման ամոթալի հայտարարությամբ, նման ակնարկներ է հնչեցնում մի իրավիճակում, երբ նախաքննությունը դեռ չի էլ մեկնարկել: Կարող եմ միայն ասել, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող քաղաքական անողնաշար խամաճիկի հայտարարությունները որևէ նշանակություն չունեն», - Թարգամաձեի դեմ հարձակումից մի քանի ժամ անց հայտարարում էր Ազգային միացյալ շարժման ղեկավարներից մեկը՝ Գիգա Բոկերիան:
Ընդդիմադիր գործիչը նաև պնդում է, թե լուրջ կասկածներ ունի, որ Գիվի Թարգամաձեի դեմ հարձակման հեղինակները Վրաստանի հատուկ ծառայություններն են: Բոկերիայի խոսքով՝ վերջին շրջանում կտրուկ սրվել էին Թարգամաձեի հարաբերությունները Վրաստանի պետական անվտանգության ծառայության փոխտնօրեն Իոսիֆ Գոգաշվիլիի հետ:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ևս բավական արագորեն արձագանքեց ընդդիմադիր պատգամավորի դեմ հարձակմանը: Այսօր առավոտյան Թբիլիսից ոչ հեռու գտնվող Վազիանիի ռազմակայանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ Վրաստանի նախագահը ևս չէր բացառում, որ Թարգամաձեի դեմ հարձակման, կամ ինչպես ինքը բնութագրեց` «ահաբեկչական գործողության» հետևում կարող են քաղաքական որոշ ուժեր կանգնած լինել: Դրա հետ մեկտեղ, Մարգվելաշվիլին զերծ մնաց կոնկրետ կուսակցությունների կամ քաղաքական գործիչների անուններ հնչեցնելուց:
«Սա քրեական հարձակում է բնականոն ժողովրդավարական քաղաքական գործընթացի դեմ: Ցավոք սրտի, քրեական մտածողության տեր մարդիկ միավորվել են որոշ քաղաքական ուժերի հետ, որոնց ես կարող եմ նույնիսկ քրեական տարրեր անվանել: Այս մարդկանց համար քաղաքականությունը միմյանց դեմ կիրառվող ֆիզիկական բռնությունն է», - պնդում էր Մարգվելաշվիլին` կոչ անելով երկրի ոստիկանությանը ապահովել ընտրությունների բնականոն ընթացքը:
Թարգամաձեի դեմ իրականացված հարձակումը, այն էլ՝ քվեարկությունից մի քանի օր առաջ, բավական զգալի հարված է նաև իշխող «Վրացական երազանք»-ի համար: Ընդդիմադիրները պնդում են, որ գործող իշխանությունները չեն կարողանում վերահսկել քրեածին իրավիճակը: «Իվանիշվիլիի վարչակազմը մեզ վերադարձրել է մի երկիր, որտեղ մարդկանց վրա կրկին օրը ցերեկով կրակում են, պայթեցնում մեքենաները», - հայտարարում էր Սաակաշվիլիի մեկ այլ մերձավոր զինակից` Դավիթ Բաքրաձեն:
Չափավոր ընդիմության ներկայացուցիչները ևս պնդում են, որ իշխանությունները անկարող են արդյունավետ պայքարել բռնությունների դեմ:
«Նման ահաբեկչական գործողություն Վրաստանում 90-ական թվականներից հետո չէր արձանագրվել», - այսօր հայտարարում էր շաբաթօրյա ընտրություններում երրորդ տեղին հավանող քաղաքական ուժի` «Պետություն հանուն ժողովրդի» դաշինքի ղեկավար, օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեն: