Հռոմի Ֆրանցիսկոս Պապն այսօր Թբիլիսիում կոչ արեց հարգել միջազգային օրենքն ու ժողովուրդների ինքնիշխանության իրավունքը՝ ենթադրաբար անդրադառնալով Հարավային Օսիայի և Աբխազիայի հակամարտությանը: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը, միաժամանակ, որևէ հասցեական հայտարարություն չարեց Ռուսաստանի վերաբերյալ, թերևս՝ կասկածի տակ չդնելու Ռուս ուղղափառ եկեղեցու հետ Վատիկանի ջերմացող հարաբերությունները:
«Տարածաշրջանի բոլոր ժողովուրդների և պետությունների խաղաղ գոյակցությունը պարտադիր պայման է իրական ու տևական առաջընթացի համար: Սակայն պետությունները երբևէ չպետք է անտեսեն մյուսի ինքնիշխանության իրավունքը՝ միջազգային օրենքի շրջանակներում: Դեպի տևական խաղաղություն և իրական համագործակցություն տանող ճանապարհը կռելու համար մենք պետք է հիշենք այդ սկզբունքները: Մեր առաջնահերթությունը պետք է լինի մարդը, ամեն բան պետք է արվի բռնություններից խուսափելու համար, և յուրաքանչյուրին պետք է հնարավորություն տրվի իր հայրենիքում խաղաղ ապրելու կամ ազատորեն իր հայրենի տուն վերադառնալու», - ասաց Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը:
Հռոմի Պապից առաջ, մինչդեռ, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին իր ելույթում մի քանի անգամ շարունակաբար խոսեց ռուսաստանյան ագրեսիայի ու օկուպացիայի մասին, ընդգծելով, որ չնայած դրան՝ Թբիլիսին նախընտրում է խնդիրը կարգավորել առանց հակամարտության:
«Վրաստանը ոչ միայն եվրոպական քաղաքակրթության մի մասն է, այլև դրա ճարտարապետներից մեկն ու կամուրջ տարբեր մշակույթների համար: Մենք միաժամանակ մեկ այլ պետության կողմից իրագործված ագրեսիայի զոհն ենք, մեր տարածքի 25 տոկոսը գրավված է, բնակչության մոտ 30 տոկոսը դարձել է փախստական: Այսքանով հանդերձ, մենք պատերազմը հնարավոր լուծում չենք համարում, մարդ էակը չպետք է տառապի քաղաքական շարժառիթների պատճառով: Մենք՝ քաղաքական գործիչներս, առանձնահատուկ առաքելություն ունենք ժողովրդի ու Աստծո առաջ և պարտավոր ենք ստեղծել պայմաններ, որպեսզի մարդիկ ապրեն արժանավայել», - հայտարարեց Վրաստանի նախագահը:
Աբխազիայի ու Հարավային Օսիայի մասին խոսեց նաև Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդը, սակայն նրա հետ ավելի քան մեկ ժամ շարունակված հանդիպմանը ևս Հռոմի Պապը չօգտագործեց օկուպացիա բառը՝ փոխարենը կոչ անելով առկա տարաձայնությունները հարթել սիրո ու խաղաղության օգնությամբ:
Ֆրանցիսկոս Պապի օրոք կաթոլիկ եկեղեցին հետևողականորեն փորձում է ամրապնդել կապերը ուղղափառների հետ, ինչն ակնհայտորեն առայժմ ստացվում է ռուսների, բայց ոչ վրացիների դեպքում: «Վրաց ուղղափառ եկեղեցին շարունակում է մնալ ամենապահպանողականներից մեկը՝ մերժելով երկխոսությունը Վատիկանի հետ», - փաստում է Reuters լրատվական գործակալությունը: Այսօր եկեղեցու՝ առավել ծայրահեղական հայացքներ ունեցող մի քանի տասնյակ հետևորդներ անգամ բողոքի ցույց էին կազմակերպել օդանավակայանում՝ «Վատիկանը հոգևոր ագրեսոր է», «Հերետիկո՛ս Պապ, քո այցը ուղղափառ Վրաստան ողջունելի չէ» կարգախոսներով: Չնայած ցույցին՝ Պապը երախտագիտություն հայտնեց Պատրիարք Իլյա երկրորդին՝ ջերմ ընդունելության համար:
Ավելի ուշ՝ օրվա երկրորդ կեսին, Հռոմի Պապը հանդիպեց Վրաստանի կրոնական փոքրամասնությունների՝ քաղդեական և կաթոլիկ համայնքների ներկայացուցիչների հետ: Ֆրանցիսկոս Պապին տեսնելու համար քաղդեացվոց թեմերի առաջնորդները աշխարհի տարբեր ծայրերից ժամանել են Թբիլիսի՝ իրենց Պատրիարքի՝ Իրաքի Քաղդեական կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Լուիս Ռաֆայել Սաքոյի գլխավորությամբ: Հենց նրանց հետ Պապը աղոթեց Սիրիայում և Իրաքում հալածանքների ենթարկվող քրիստոնյաների համար: Օրեր առաջ անդրադառնալով Սիրիայում շարունակվող պատերազմին՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետն ասել էր՝ նրանք, որ մեղավոր են Հալեպի ռմբակոծման համար, պատասխան են տալու Աստծո առաջ, և կոչ էր արել կառավարություններին մի կողմ դնել սեփական շահերը առավել մեծ նպատակի՝ խաղաղության հասնելու համար:
Վաղն արդեն Ֆրանցիսկոսը պատարագ կմատուցի Թբիլիսիի՝ Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտում, որը նախատեսված է ավելի քան 27 հազար մարդու համար, ապա կմեկնի Վրաստանի հնամենի հոգևոր կենտրոններից մեկը՝ Մցխեթայի Սվետիցխովելի մայր տաճար, որտեղ, ըստ ավանդության, թաղված են մասունքներ Քրիստոսի հագուստից:
Երկօրյա հանդիպումներից հետո՝ շաբաթ երեկոյան, Պապը պատմական այց կկատարի Ադրբեջան, որտեղ ակնկալվում է՝ կանդրադառնա նաև ղարաբաղյան խնդրին և ինչպես Երևանում՝ Բաքվում էլ հաշտության կոչ կանի հակամարտող կողմերին: