Մատչելիության հղումներ

Իրավապահները կարողանալու են պաշտոնյային հարցնել՝ «որտեղի՞ց քեզ այս գումարը»․ նախարար


Իրավապահ մարմինները կարողանալու են հարց ուղղել պետական պաշտոնյաներին՝ ինչպե՞ս են նրանք կուտակել իրենց եկամուտները: Այս մասին այսօր «Ազատության» եթերում հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ խոսելով պաշտոնյաների ապօրինի հարստացման հետ կապված խնդիրները կարգավորելու նպատակով կառավարության ներկայացրած օրինագծի փաթեթի մասին: Օրինագիծն Ազգային ժողովում արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Դիտարկմանը, որ, օրինակ, պետեկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը շուրջ 3 միլիոն դոլար էր հայտարարագրել, արդյոք հնարավոր կլինի՞ ստուգել՝ ինչպես է նա հայտարարագրել այդքան գումար, նախարարն արձագանքեց․ - «Նախ ինքս չեմ ցանկանում անձերի մակարդակով քննարկել հարցը: Հարցը ինստիտուցիոնալ է: Այդ հարցերի պատասխանը մենք իրավունք ենք վերապահում իրավապահ բլոկի մարմիններին ստանալ: Այո, նրանք կարող են հարցադրում անել պաշտոնյային՝ «որտեղի՞ց քեզ այս գումարները»: Այս հարցը կարողանալու է իրավապահ համակարգը տալ պաշտոնային»:

Հովհաննիսյանը հավելեց, որ օրինագծով նաև Էթիկայի հանձնաժողովին տալիս են գործիքակազմ, որով նրանք հնարավորություն են ունենալու որոշակի իրավական հետևանքներ կիրառել՝ պետական պաշտոնյաների նկատմամբ՝ բացահայտելու՝ ինչպես են նրանք կուտակել իրենց եկամուտները:

«Սկզբունքորեն պիտի օբյեկտիվ լինել և ոչ թե քարկոծել, այլ ասել, որ Էթիկայի հանձնաժողովը բավականին լուրջ աշխատանք էր կատարել այդ ամբողջը վերլուծելու, տեսնելու՝ ինչ խնդիրներ կան և 5 անդամի կազմով էր ընդամենը գործում:Էնպիսի գործիքակազմ, ինչպիսին մենք ենք հիմա տալիս Էթիկայի հանձնաժողովին, սա սկզբունքորեն նշանակում է, որ նրանք հնարավորություն են ունենալու, որոշակի իրավական հետևանքներ կիրառել: Բայց՝ ինչպե՞ս, որտեղի՞ց [է պաշտոնյան հայտարարագրել եկամուտը ] հարցը․․․ Չափազանց կարևոր է իրավական տեսանկյունից հարցի գնահատական տալը: Այս հարցի պատասխանը կարող են աշխարհի տարբեր երկրներում տարբեր մոդելների շրջանակներում տալ իրավապահ համակարգի մարմինները», - ասաց արդարադատության նախարարը՝ հավելելով, որ հակակոռուպցիոն նախագծերը մեծ էֆեկտիվությամբ օժտված են լինում, երբ դրանք ոչ թե հատվածային են կատարվում, այլ փաթեթով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG