Ֆինանսների նախարարության տվյալներով՝ այս տարվա օգոստոսի վերջին Հայաստանի քաղաքացիներն այլևս պարտք էին շուրջ 5.5 միլիարդ դոլար, սակայն մինչև տարվա վերջ այն է՛լ ավելի է աճելու՝ կազմելով երկրի ողջ տնտեսության՝ ՀՆԱ-ի, 54.4 տոկոսը: 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս երեկ կառավարության նիստում այս մասին հայտարարեց ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը, ընդգծելով՝ ընդամենը երկու տարում՝ 2015-2016 թվականներին, երկրի պետական պարտքը սրընթաց աճել է՝ ՀՆԱ-ի 43.7 տոկոսից դառնալով 54.4 տոկոս:
«Մենք երկու տարի անընդմեջ՝ 2014 և 2015 թվականներին, ունեցել ենք պետական պակասուրդի բավականին բարձր մակարդակ, պարոն վարչապետ, 4․8 տոկոս, և այս տարվա արդյունքներով, ամենայն հավանականությամբ, մենք կունենանք գնահատականը՝ 5․9 տոկոս պակասուրդ/ՀՆԱ: Սա պարտքի ստեղծման հիմնական աղբյուր է, և մեզ մոտ պարտքը երկու տարիների ընթացքում 43․7 տոկոսից բարձրացել է, տարվա վերջին գնահատվում է մինչև 54․4 տոկոս կունենանք: Բնականաբար, հաջորդ տարիների համար մենք պետք է լինենք ավելի պահպանողական, որպեսզի թույլ չտանք պարտքի հետագա գերաճ», - կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Արամյանը:
Պակասուրդ նշանակում է հետևյալը՝ պետական բյուջեում եկամուտները ավելի քիչ են եղել, քան ծախսերը, ուստի կառավարությունը պարտք է կուտակել:
Բացարձակ թվերով պատկերը հետևյալն է․ ֆինանսների նախարարության տվյալներով՝ եթե 2014 թվականի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմում էր 4 միլիարդ 441 միլիոն դոլար, ապա այս տարվա օգոստոսի վերջին այն արդեն 5 միլիարդ 484 միլիոն էր: Ընդամենը 1 տարի 8 ամսում պարտքն ավելացել է ավելի քան 1 միլիարդ դոլարով:
Պետական պարտքի չդադարող սրընթաց աճը թերևս սկսել է մտահոգել իշխանություններին, սակայն այս ամենի ուղղակի հետևանքները Հայաստանի քաղաքացիները կզգան արդեն գալիք տարի: 2017 թվականի պետբյուջեի նախագիծը երեկ ներկայացնելիս վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց՝ նկատելիորեն կրճատելու են ծախսերը և ավելացնելու են հարկերի հավաքումը:
«Կոշտ բյուջե ենք նախատեսում 2017 թվականին: Թվերը խոսում են դրա մասին: Մոտավորապես 70 միլիարդ նախատեսում ենք եկամուտների աճ, մոտավորապես 100 միլիարդ նախատեսում ենք ծախսերի նվազեցում: Եվ այն բոլոր հարցադրումները, որոնք որ հնչեցնում ենք մենք՝ կառավարման վերաբերյալ, ծախսերի նվազեցման վերաբերյալ, այդ բոլոր խնդիրները շատ և շատ ակտուալ են», - ասաց վարչապետը:
Թվերն ավելի տպավորիչ են դառնում, եթե դիտարկենք, թե ինչ արդյունքի են հասել Հայաստանի իշխանությունները 2009 թվականի տնտեսական ճգնաժամից ի վեր:
Ազգային վիճակագրական ծառայության և ֆինանսների նախարարության տվյալներով, եթե 2008 թվականին՝ տնտեսական ճգնաժամից առաջ, երկրի համախառն ներքին արդյունքը կազմում էր 11.9 միլիարդ դոլար, իսկ պետական պարտքը 1.9 միլիարդ էր, ապա 2015-ին ՀՆԱ-ն ավելի քիչ էր՝ 10.5 միլիարդ դոլար, մինչդեռ պետական պարտքը ավելացել էր 2.6 անգամ և կազմում էր 5 միլիարդ 71 միլիոն դոլար:
Նախորդ տարիներին իշխանությունները հայտարարում էին՝ նման պարտքեր են արվում երկրի տնտեսությունը զարգացնելու, դիվերսիֆիկացնելու համար, սակայն ինչպես օրերս Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Հայաստանի տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է: Հետևաբար, հարց է առաջանում՝ ո՞ւր է հոսել Հայաստանի քաղաքացիների անունից վերցված ավելի քան 3.5 միլիարդ դոլար պարտքը: Այդ կապակցությամբ «Ազատության» հարցին ֆինանսների նախարար Վարդան Արամյանը արձագանքեց․ - «Դե գիտե՞ք, էդ չափազանց ծանր, շատ աղետալի կամ նմանատիպ ձևակերպումները պետք է միշտ հարաբերության մեջ նայեք»: Ի պատասխան դիտարկման, որ վարչապետն է այդպես ձևակերպել, նախարարը ասաց․ - «Սպասեք, վարչապետը իրատեսականությունն է նայում, և ես վստահ եմ, որ վարչապետի ազդակը շատ նորմալ է, բայց երբ որ մենք ասում ենք՝ մենք նպատակին չենք հասել, որովհետև պարտք ենք, ես այդ ձևակերպման հետ համաձայն չեմ, որովհետև, գիտե՞ք, մենք ամեն դեպքում ունենք որոշակի սահմանափակում: Իհարկե, եթե մենք պարտքը ավելացնենք շատ ավելի կտրուկ, որը որ հաջորդ տարիներին տնտեսական աճ կստեղծեր, բնականաբար, ավելի բարձր տնտեսական աճերով կգնայինք, բայց մենք միշտ նաև հետամուտ ենք եղել, որպեսզի պարտքի գերաճ չունենանք»:
Տնտեսագետ Արտակ Մանուկյանի խոսքով՝ ակնհայտ է, որ վերցված վարկերը արդյունավետ չեն աշխատել: «Եվ այն նաև, որ 2019 թվին մենք բավականաչափ, նաև Վերահսկիչ պալատն է փաստում դա, բավականաչափ մեծ գումարներ պետք է ուղղորդենք դեպի էդ պարտքի սպասարկմանը, իսկ էն պարագայում, երբ որ տնտեսությունը էդ վարկերը չեն ուղղել, որպեսզի ավելի բալանսավորված տնտեսություն ունենանք և երկարաժամկետ աճ, հավանականությունը բավականաչափ մեծ է, որ մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու», - «Ազատության» հետ զրույցում ասաց տնտեսագետը: