Բաքվում այսօր ավարտվող ADEX-2016 պաշտպանական միջազգային երկրորդ ցուցահանդեսի շրջանակում Ռուսաստանը և Ադրբեջանը նոր սերնդի մարտավարական հրթիռների համատեղ արտադրության մասին հուշագիր են ստորագրել։
Ադրբեջանական կողմից փաստաթուղթը ստորագրել է պաշտպանական արդյունաբերության նախարարության «Շարգ» արտադրական միավորումը, ռուսական կողմից` «Մարտավարական հրթիռային սպառազինություն» ընկերությունը։ Խոսքը «երկինք-երկինք» և «երկինք-երկիր» նոր սերնդի մարտավարական հրթիռների մասին է։
Ավելի վաղ ցուցահանդեսի բացմանը հրթիռների արտադրություն սկսելու մտադրության մասին հայտնել էր Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը: Ընդ որում, Ջամալովն ընդգծել էր, որ 280 կիլոմետր հեռահարության հրթիռների արտադրության համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ ձեռք բերելու հարցով պաշտոնական Բաքուն այսօր բանակցություններ է վարում մի շարք արտասահմանյան ընկերությունների հետ։ Հիշեցնենք՝ հենց 280 կիլոմետր է սեպտեմբերի 21-ին Երևանում Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսին ցուցադրված «Իսկանդեր»-ի հեռահարությունը:
Ռազմական փորձագետների կարծիքով՝ նման տեխնոլոգիաներ ունեցող երկրների ցուցակը բավականին սահմանափակ է, և հաշվի առնելով, թե մինչ օրս որ երկրների հետ է Ադրբեջանն արդեն համագործակցում ռազմական ոլորտում, կարելի է ենթադրել, որ բանակցություններ Ադրբեջանը վարում է, նախ և առաջ, Ռուսաստանի, Իսրայելի, Իրանի, Պակիստանի, Հնդկաստանի և Թուրքիայի հետ։
Ցուցահանդեսի մասնակիցների թվում էին Պակիստանի պաշտպանական արդյունաբերության նախարարը, Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի հրամանատարը, Թուրքիայի պաշտպանության նախարարը: Ընդ որում, ցուցահանդեսում ամենամեծը ռուսական ցուցասրահն է, «Ռոսօբորոնէքսպորտ»-ը, մասնավորապես, ներկայացրել է շուրջ 28 ռուսաստանյան ընկերությունների ռազմական արտադրանք։
Ստորագրվել է նաև Ադրբեջանում ռազմական ուղղաթիռների սպասարկման ռուս-ադրբեջանական կենտրոն ստեղծելու մասին պայմանագիրը, որի մասին ավելի վաղ էր հայտարարված:
Սրա հետ մեկտեղ, «Ազատության» ադրբեջանական ծառայության փոխանցմամբ, վերջին երկու տարում Ադրբեջանի ռազմական բյուջեն կրճատվել է ավելի քան երկու անգամ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր ստորագրել է 2017 թվականի պետբյուջեի մասին օրենքը, որում նշված է, որ պաշտպանական ոլորտի համար ծախսերը կկազմեն մոտ մեկ միլիարդ դոլար:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը ուշադիր հետևում է Բաքվի ցուցահանդեսի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածություններին, «Ազատությանն» ասաց ռազմական գերատեսչության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը և հավելեց․ - «Հաշվի առնելով Ադրբեջանի գործընկեր պետությունների ցուցակը՝ նման տեխնոլոգիաներ, ըստ էության, հնարավոր է ձեռք բերել, բայց դա այն հեշտ տեխնոլոգիաներից չէ աշխարհում, և այնքան արագ արդյունքներ այդ ոլորտում գրանցելը շատ դժվար է: Աշխարհում երևի տասնյակ պետություններ զբաղվում են դրանով, բայց մեկ-երկու պետություն է, ում մոտ քիչ թե շատ որակյալ արտադրություն կա այս առումով»:
«Ադրբեջանը շատ տարբեր հայտարարություններ է արել շատ տարբեր զինատեսակների մասով, որոնք, մեծ հաշվով, կարելի է ասել, երբեմն չեն համապատասխանում իրականությանը», - ընդգծեց Հովհաննիսյանը:
Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին մի շարք փորձագետներ կարծիք էին հայտնում, որ Ադրբեջանը սպառազինության առումով մեծ առավելություն ունի Հայաստանի նկատմամբ: Արծրուն Հովհաննիսյանը, սակայն, այդ կարծիքին չէ․ - «Ճիշտ է, այսօր, ցավոք, Հայաստանում ինչ-ինչ պատճառներով, մի տեսակ, փորձագիտական՝ այս առումով, գնահատականները իրականում տեղ չունեն հիստերիկ և զգացմունքային գնահատականների կողքին, բայց, ըստ էության, Ադրբեջանի 3 միլիարդ դոլարանոց բյուջեն էլ, մեծ հաշվով, իր ամբողջ զինանոցի վերազինման առումով խնդիրը չլուծեց և առավելապես հայկական Զինված ուժերի նկատմամբ առավելության խնդիրը չլուծեց»:
Հայաստանը միակ երկիրն է, որին Ռուսաստանը վաճառել է գերժամանակակից «Իսկանդեր» հրթիռային համալիրը: «Ազատության» հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ Մոսկվան, այնուամենայնիվ, այդ համալիրները նաև Ադրբեջանին վաճառի, Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը պատասխանեց․ - «Ես չեմ կարող նման հարցին մեկնաբանել՝ դա քաղաքականություն է»: «Այսինքն՝ չեք բացառում», - այս դիտարկմանն էլ Արծրուն Հովհաննիսյանը արձագանքեց․ - «Չեմ կարող ասել»: