Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խոստովանել է, որ Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտության կարգավորման հստակ ճանապարհ առայժմ չի տեսնում: Այս մասին պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է՝ ելույթ ունենալով Ասպենի ինստիտուտի և «Ատլանտիկ» պարբերականի կողմից Վաշինգտոնում անցկացվող ամենամյա համաժողովում:
Ամերիկյան դիվանագիտության առաջնահերթություններին նվիրված իր ելույթում Քերրին ընդգծել է, որ Միացյալ Նահանգները երբեք այնքան ներգրավված չի եղել միջազգային քաղաքականության մեջ, որքան այսօր: Պետքարտուղարը նշել է, որ արտաքին հարաբերություններում ԱՄՆ-ը պաշտպանում է թե՛ իր շահերը և թե՛ ամերիկյան արժեքները: Այդ մասին, նա, մասնավորապես, խոսել է՝ ներկայացնելով ԱՄՆ-ի դերը Սիրիայում:
«Մենք շահագրգիռ ենք տարածաշրջանի կայունությամբ, որովհետև մենք պետք է պայքարենք ծայրահեղականության դեմ, որովհետև մենք չպետք է թույլ տանք, որպեսզի այդ երկիրը փլուզվի ու բաժանվի կտորների՝ բացասաբար ազդելով հարևան երկրների վրա, այդ թվում՝ մեր դաշնակից Իսրայելի, Հորդանանի և Եգիպտոսի», - պարզաբանել է Քերրին:
ԱՄՆ պետքարտուղարը անդրադարձել է նաև Իրանի միջուկային ծրագրին, նշելով, որ Իրանը կայացրել է հաշվենկատ որոշում՝ համաձայնելով հրաժարվել միջուկային զենք ստեղծելու գաղափարից՝ պատժամիջոցները վերացնելու դիմաց. - «Ես կարծում եմ՝ դա ճիշտ որոշում էր, կարևոր որոշում: Կարևոր էր, որ մենք այստեղ տեսանք լուծման ճանապարհ և գնացինք այդ ճանապարհով»:
Իրանական բանակցություններին հակադրելով Ղարաբաղի հարցը՝ Քերրին նշել է, այստեղ հստակ լուծումներ դեռ չեն ուրվագծվում:
«Այսօր աշխարհում սառեցված հակամարտություններ կան՝ օրինակ Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանի և Հայաստանի միջև, որի պարագայում այս պահին հստակ լուծում չի ուրվագծվում, որովհետև առաջնորդները պատրաստ չեն, որովհետև կողմերի մեջ առկա է լարվածություն: Դրանք բարդ հակամարտություններ են, բայց լուծման ճանապարհ հնարավոր է գտնել, եթե մարդիկ որոշակի համալիր լուծումներ ընդունեն: Ես կարծում եմ, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը նույնպես այդ կատեգորիայի մեջ է մտնում: Մարդիկ պետք է պատրաստ լինեն ընդունել որոշակի լուծումներ», - նշել է պետքարտուղարը: