Այսօր ժամը 14-ին Հայաստանի քննչական կոմիտե է ուղարկվել Ազգային ժողովի 14 պատգամավորների կողմից ստորագրված՝ «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դիմումը:
Նախաձեռնությունը պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանինն է, որի գրասենյակի փոխանցմամբ՝ դիմումը ստորագրած խորհրդարանականներն են՝ Տիգրան Ուրիխանյանը, Զարուհի Փոստանջյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Թևան Պողոսյանը, Արմեն Ավետիսյանը, Վահան Կարապետյանը, Վահե Էնֆիաջյանը, Ստեփան Դեմիրճյանը, Հեղինե Բիշարյանը և Լևոն Դոխոլյանը:
Անդրիաս Ղուկասյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ ոստիկանությունը հատուկ միջոցների կիրառմամբ ցրեց «Սասնա ծռեր»-ի աջակիցների ցույցը։ Նա մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։ Օրերս դատարանը ևս երկու ամսով երկարաձգեց Ղուկասյանի կալանքը: