«Ղարաբաղի ժողովուրդը չի կարող պատանդ մնալ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը և շարունակելու է զարգանալ նույնիսկ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու պայմաններում», - երեկ հայտարարել է Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելի կողմից Բելգիայի խորհրդարանի շենքում կազմակերպված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ պետականաշինության 25 տարին անկայուն տարածաշրջանում» խորագրով կլոր սեղան-քննարկման ժամանակ։
Միրզոյանի խոսքով, չնայած Ղարաբաղյան շարժման խաղաղ և օրինական բնույթին, հենց սկզբից Ադրբեջանը մերժեց որևէ երկխոսություն և դիմեց սպառնալիքների լեզվին և ահաբեկման քաղաքականությանը, որը հետագայում հանգեցրեց լայնածավալ պատերազմի՝ Լեռնային Ղարաբաղի և նրա խաղաղ բնակչության դեմ։
ԼՂ արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ այսօր էլ Ղարաբաղի ժողովուրդը ստիպված է բառացիորեն պաշտպանել երիտասարդ ժողովրդավարությունը՝ Լեռնային Ղարաբաղն անցյալին վերադարձնելու Ադրբեջանի անդադար փորձերի պայմաններում:
Կարեն Միրզոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը բազմիցս բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից նոր պատերազմի բացահայտ նախապատրաստության մասին, սակայն միջազգային հանրությունը անհաղորդ մնաց այդ զգուշացումներին։
Ադրբեջանի անպատժելիությունը, ըստ Միրզոյանի, հանգեցրեց ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը։
«Ղարաբաղի ժողովուրդը չի կարող պատանդ մնալ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը և շարունակելու է զարգանալ նույնիսկ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու պայմաններում», - ասել է Միրզոյանը։
Այս կապակցությամբ արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ Ղարաբաղի իշխանությունները մեծապես կարևորում են բոլոր մակարդակներում արտաքին քաղաքական կապերի ընդլայնումն ու խորացումը և հանրապետության ինտեգրումը միջազգային գործընթացներին:
Կարեն Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ միջազգային համագործակցության ընդարձակումը կարևոր ներդրում կհանդիսանա տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ամրապնդման գործում։
«Հավատացած ենք, որ եկել է ժամանակը, որպեսզի միջազգային հանրությունը սատարի մեր պայքարին: Ժամանակն է ճանաչել իրականությունը՝ այն է ազատ և ժողովրդավարական Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունը, և աջակցել նրա հետևողական զարգացմանը», - եզրափակել է Կարեն Միրզոյանը։