Մատչելիության հղումներ

Վարչապետը բանկային համակարգին առաջարկել է փոքր և միջին բիզնեսը վարկավորելու մեխանիզմներ մշակել


Կարապետյանը գործարարներից գործնական ու ոչ ստանդարտ լուծումներ է ակնկալում

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ և բանկային համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, վարչապետը կարևորել է ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումը և ընդգծել, որ ակնկալում է գործնական, նաև ոչ ստանդարտ լուծումներ պարունակող առաջարկություններ, որոնց իրականացումը նոր թափ կհաղորդի բիզնես միջավայրի բարելավմանը և ներդրումների ներգրավմանը:

«Մեր նպատակն է լսել խնդիրները, մարտահրավերները և սպասումները, որոնք ֆինանսական ու տնտեսական համակարգն ակնկալում է կառավարությունից: Մեր նպատակն է, որպեսզի բիզնեսը «շնչի», այդ տեսանկյունից ես ակնկալում եմ, որ դուք առաջարկներ ներկայացնեք, նշելով, թե ինչ կոնկրետ միջոցառումներ պետք է իրականացվեն՝ տնտեսության համար լրացուցիչ վարկավորում ապահովելու նպատակով: Գործնական լուծումներ առաջարկելու ժամանակն է», - նշել է Կարեն Կարապետյանը:

Ըստ հաղորդագրության, վարչապետն առաջարկել է բանկային համակարգի ներկայացուցիչներին՝ մշակել համապատասխան մեխանիզմներ բանկերում առկա ակտիվների միջոցով վարկավորելու փոքր և միջին բիզնեսը, այդպիսով նպաստելով տնտեսության տարբեր ճյուղերի ակտիվացմանը:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է դրամավարկային քաղաքականությունը, տնտեսության վարկավորման հետ կապված ընդհանուր իրավիճակը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Կարապետյանը հանձնարարել է կառավարության ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող նախարարներին քննարկել ներկայացված առաջարկությունները և բանկային համակարգի ներկայացուցիչների հետ շարունակել համատեղ աշխատանքը՝ բարձրացված խնդիրների լուծման և տնտեսության առանձին ոլորտներում տարբեր ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG