Ավելի քան երկամսյա կալանքի ընթացքում այսօր առաջին անգամ հնարավորություն ստեղծվեց ընդդիմադիր գործչին հարցեր ուղղել դատարանի դահլիճում, մինչ դատավորի գալը:
Իր նկատմամբ հետապնդումը և կալանքի երկարաձգումը Եղնուկյանն այսպես բացատրեց․ - «Երևի վախ: Ես ուրիշ բացատրություն չունեմ: Վախենում են, որ ազատության մեջ հայտնվեմ: Ես էլ չեմ իմանում, թե ինչ կարող եմ անել, երևի Սերժ Սարգսյանին հարցնեք, թե ինչ կարող եմ անել, որ հիմա չեմ անում»:
Կարո Եղնուկյանը մեղադրվում է «Սասնա ծռեր» զինված խմբին աջակցելու մեջ: Ազգային անվտանգության ծառայությունը գործին կցել է Եղնուկյանի ֆեյսբուքյան գրառումները, կնոջ հետ հեռախոսազրույցների գաղտնալսումները, մեղադրականում նշվում է, որ նա կեղծ տեղեկություններ է տարածել, թե իբր գրավված գնդի ուղղությամբ տեխնիկա է շարժվում, միջոցներ է ձեռնարկել, որ ցուցարարները Ազատության հրապարակից գնան Խորենացի փողոց:
Եղնուկյանը մեղադրվում է ոստիկաններին պատանդ պահելուն աջակցելու մեջ, այն դեպքում, երբ «Սասնա ծռերի» դեմ հարուցված քրեական գործում պատանդ են ճանաչվել միայն բժիշկները:
«Ոչ մի աջակցություն չկա: Դա ամբողջովին շինծու մեղադրանք է: Չորս ձայնագրությունից երեքը կնոջս հետ է, կինս հարց է տալիս, ես պատասխանում եմ, դա ի՞նչ աջակցություն կարող է լինել: Այն մեղադրանքը, որ իբր թե ես հայտարարել եմ, որ տեղաշարժ կա տեխնիկայի, դրա վերաբերյալ որևէ փաստ չկա», - ասաց Եղնուկյանը:
«Ազատության» հետ զրույցում ընդդիմադիր գործիչը պնդեց՝ իշխանություններն իրեն հետապնդում են քաղաքական հայացքների համար․ - «Հա իհարկե, դրա մեջ կասկած չկա: Երբ որ մեղադրանքը հիմնավորված չէ, երբ որ փաստերը, որ ներկայացնում են էդ մեղադրանքը ապացուցելու համար կապ, չունեն էդ մեղադրանքի հետ, էլ ուրիշ ինչ կարող է լինել: Հետո, տեսակցություն չունենալ, տեղեկատվություն չստանալ, սա ի՞նչ է նշանակում: Փաստորեն փորձում են իմ ձայնը կտրել, եթե իմ իրավունքը ազատ խոսքի ու շարժվելու սահմանափակված է, ուրեմն ես քաղաքական հալածյալ եմ ու քաղբանտարկյալ, քանի որ ձերբակալված ու կալանավորված եմ»:
Միացյալ Նահանգների քաղաքացի Եղնուկյանը հիշեցրեց Սերգեյ Միրոնովի դեպքը, երբ շատ ավելի ծանր հանցագործությունների մեջ կասկածվող ռուսաստանցին ազատ արձակվեց ու վերադարձավ հայրենիք: Թե՛ Եղնուկյանի և թե՛ Միրոնովի խափանման միջոցի որոշումներն, ի դեպ, կայացրել է նույն դատավորը՝ մի շարք ընդդիմադիր գործիչների դատած Մնացական Մարտիրոսյանը:
«Ինչո՞ւ Միրոնովին բաց թողեցին, երբ որ «Ինտերպոլ»-ով փնտրվում էր: Ես «Ինտերպոլ»-ով չեմ փնտրվում, երբ որ ամերիկյան կառավարությունն ունի էքստրադիցիայի հրաման: Ես այդպիսի բան չունեմ: Ինքը փախնելու ենթակա էր: Եթե մեկը կա աշխարհում, որ պիտի փախնի, դա «Ինտերպոլ»-ի ցուցակի վրայի մարդն է, և փախավ: Իսկ ես ունեմ ընտանիք, անշարժ գույք, ունեցվածք: Էդ անշարժ գույքը ո՞ւր եմ տանելու հետս, ո՞ւր եմ փախնելու: Ես եկել եմ հետ՝ Հայաստան», - դատարանում հայտարարեց Եղնուկյանը:
Ավելին, նա այսօր պնդեց, որ իր համար ընդունելի չէ զենքի գործադրմամբ խնդիրներ լուծելու տարբերակը․ - «Իմ կողմից բարոյական աջակցություն իրենց գաղափարների նկատմամբ այո, եղել է, որովհետև նրանք իմ կարծիքով կատարեցին քաղաքացիական ակցիա մի բացառությամբ՝ զենքի կիրառմամբ: Դա, իմ համար որպես պրինցիպ, ընդունելի չէր, բայց ես հասկանում եմ՝ ինչո՞ւ այդ քայլին դիմեցին: Դուք կարող է մի բան չընդունեք, բայց հասկանաք՝ ինչու են էդպես անում»:
Ինչպես և կանխատեսեց Եղնուկյանը, դատարանն այսօր մերժեց նրա բողոքը, որով «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամը կալանավայրից վիճարկում էր Գլխավոր դատախազի անգործությունը, պահանջում պարտադրել Արթուր Դավթյանին ընթացք տալ իր միջնորդություններին:
Եղնուկյանը հայտարարեց, որ այս ճանապարհով Եվրոպական դատարան դիմելու հիմքերն է ամրացնում, բացի այդ՝ հնարավորություն է գոնե դատարանում կնոջն ու հինգ զավակներին տեսնել, այսօրվա նիստին Միացյալ Նահանգներից եկել էին նաև մայրն ու եղբայրը:
«Երբ որ նոր եկել էր, ասում էր, որ պայքարի մեջ է մտել հենց նրա համար եմ անում, որովհետև հինգ երեխա ունեմ: Իրա վրա վրեժ են լուծում, ուրիշ բացատրություն չկա», - ասաց Եղնուկյանի եղբայրը:
Կարո Եղնուկյանը դատական կարգով բողոքարկել է նաև տեսակցությունների վրա դրված արգելքը, նիստը հաջորդ շաբաթ է: