Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հերքում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները՝ նշելով, որ այս տարվա առաջին կիսամյակում հայ-ռուսական առևտուրը ոչ միայն չի աճել, այլև անկում է գրանցել: Ընդ որում, այս տարվա անկումը ավելի մեծ է, քան նախորդ տարվա:
Ըստ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության, 2016 թվականի հունվար-հունիսին հայ-ռուսական առևտուրը աճել է 12.4 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Մինչդեռ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի օրերս հրապարակած տվյալները փաստում են ճիշտ հակառակը՝ այս տարվա առաջին կիսամյակում՝ 2015 թվականի առաջին կիսամյակի համեմատ, Հայաստան-Ռուսաստան առևտուրը կրճատվել է 5.8 տոկոսով:
ԵՏՄ տվյալներով, հայ-ռուսական առևտուրը կրճատվել էր նաև նաև անցած տարվա առաջին կիսամյակում՝ 2014 թվականի առաջին վեց ամիսների համեմատ, սակայն անցած տարվա անկումը ավելի փոքր էր՝ 4 տոկոս:
Ռուսաստանը Հայաստանի ամենամեծ առևտրային գործընկեր-պետությունն է, 2016 թվականի առաջին կիսամյակում Մոսկվային է բաժին հասել հայաստանյան ողջ արտաքին առևտրի 26.4 տոկոսը, և այս պարագայում անհայտ է՝ ինչու՞ են Հայաստանի նախկին վարչապետների՝ Տիգրան Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառույցները արմատապես հակասող տվյալներ հայտնում հայ-ռուսական առևտրի վերաբերյալ:
Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում Հայաստանը ներկայացնող Կարինե Մինասյանից: «Տեղյակ եք, որ իրավիճակն իրականում դյուրին չէ, ԵՏՄ բոլոր երկրներում նկատում ենք տնտեսական աճի որոշակի դանդաղում, առևտրաշրջանառության ընդհանուր կրճատում, սակայն, միևնույն ժամանակ, կարելի է խոսել դրական միտումների մասին: Այսինքն, ճգնաժամից հետո երկրները աստիճանաբար վերականգնվում են, և հատկապես ռուսաստանյան շուկայում նկատում ենք երրորդ երկրներից ներմուծված ապրանքների փոխարինում ԵՏՄ անդամ երկրներում արտադրված ապրանքներով՝ ներառյալ հայաստանյան ապրանքներով: Հայաստանի պարագայում նկատում ենք արտահանման աճ հատկապես Ռուսաստանի Դաշնություն», - ասաց Մինասյանը։
Անկում է ապրել ոչ միայն հայ-ռուսական առևտուրը. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով, այս տարվա առաջին կիսամյակում՝ 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, անկում են ապրել ԵՏՄ բոլոր պետությունների առևտրաշրջանառությունները միության մյուս անդամների հետ: Ընդհանուր առմամբ, ողջ ԵՏՄ ներքին առևտուրը կրճատվել է 17 տոկոսով:
Չնայած այս թվերին, իր վարած կառավարության վերջին նիստում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսեց արտաքին առևտրի ոլորտում տպավորիչ հաջողությունների մասին. - «Կարելի է փաստել, որ չնայած ներքին սպառման կրճատմանը, Հայաստանի Հանրապետության վերջին մեկուկես տարվա տնտեսական աճը ապահովվել է արտաքին առևտրի շնորհիվ, սա նշանակում է, որ ներքին սպառմամբ պայմանավորված տնտեսական աճից մենք անցնում ենք որակապես նոր՝ արտադրությամբ և արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի»։
Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով, ամեն անգամ, երբ Հայաստանի իշխանությունները խոսում են արտաքին առևտրի աճի մասին, կարելի է միայն զարմանալ, որովհետև նման աճի համար լուրջ պատճառներ չկան:
«Պարզ ասեմ, զուտ տնտեսագիտորեն, որ նայում եք, այդ աճի հնարավորությունները պետք է չլինեին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն տնտեսական մոդելը, որով առաջնորդվում էր Հայաստանի Հանրապետությունը մինչ այսօր, որի հիմնական շարժիչ ուժը դրսից եկող տրանսֆերտներն էին, ներմուծումն էր, այդ շրջանակներում մենք ունենք պրոբլեմներ՝ անկախ նույնիսկ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից, այսինքն, տրանսֆերտները պակասել են, մարդկանց գնողունակությունը նվազել է, դրան ավելացած, Հայաստանի ներքին տնտեսական անհաջողությունները կամ տնտեսական ճգնաժամային վիճակը, որոնք որևիցե ձևով չեն ապահովում ներդրումներ, նոր աշխատատեղեր, այսինքն ՝բարեկեցության բարձրացում, մարդկանց եկամուտների ավելացում», - ասաց Խաչատրյանը։