Զինված ապստամբության փորձ կատարած «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանին այսօր դատապարտյալների հիվանդանոցից տեղափոխեցին «Էրեբուն»-ի բժշկական կենտրոն՝ վնասված ոտքը երկրորդ անգամ վիրահատելու։
«Ամեն ինչ նորմալ է՝ հոյակապ», - «Ազատության»-ը փոխանցեց Լամբարյանը։
Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը 15 օր գրաված զինված խմբի անդամն այսօր կհետազոտվի, ինչից հետո առաջիկա օրերին կվիրահատվի, «Ազատության»-ը փոխանցեց «Էրեբուն»-ի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը։
Լամբարյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՊՊԾ գնդի տարածքը գրավելու քրեական գործի շրջանակներում՝ ապօրինի կերպով զենք ռազմամթերք պահելու, փոխադրելու և կրելու, ինչպես նաև շենք-շինություններ գրավելու համար։
Ըստ ոստիկանության, Լամբարյանը հուլիսի 17-ի վաղ առավոտյան ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելուց 12 օր հետո ՊՊԾ գնդի տարածքից կրակահերթեր արձակած և իրավապահների պատասխան կրակից վիրավորված Լամբարյանը հրազենային վիրավորումով տեղափոխվել էր «Էրեբունի» հիվանդանոց։ Վիրավորվել էր նրա ոտքը, առաջին վիրահատությունից հետո, երբ նրա վիճակը կայունացել էր, երկու ամսով կալանավորվել էր ու տեղափոխվել դատապարտյալների հիվանդանոց։
Այսօր որդուն մի քանի վայրկյան տեսած մայրը՝ Փիրուզա Լամբարյանը, հուզված էր։ «Երկու ամիս փակի տակ ո՞նց պետք է լինի։ Ոտքը լրիվ փշրվել է, հավաքել են երկաթներով, նորից երկրորդ օպերացիան են անելու, տեսնենք՝ ո՞նց կլինի։ Վերջին անգամ հուլիսի 12-ին եմ տեսել, տանը չեմ եղել ես, որ նա տանից դուրս է եկել», - ասաց Փիրուզա Լամբարյանը։
«Սասնա ծռեր»-ի անդամի հարազատներին զայրացրել էին իրավապահները, որոնց հսկողության տակ էր նա բերվել հիվանդանոց։ «Չէին թողնում, որ տեսնենք, ոնց որ ինչ հանցանք էր արել, ինչի՞ համար էին տենց անում, ես էլ չհասկացա», - ասաց Լամբարյանի մայրը։
Մայրը կրկին շեշտեց, որ որդու գործունեությունից տեղյակ չեն եղել։ «Ինքը գիտի, ես չեմ կարող ոչ մի բան ասել, ինքը մեզ ոչ մի բան չի ասել, մեզ հետ չի կիսվել», - ասաց Փիրուզա Լամբարյանը։
Հորը տեսնելու համար Սպիտակից Երևան եկած Լամբարյանի 9-ամյա որդուն՝ Լևոն Լամբարյանին իրավապահները ընդամենը 1 րոպե թույլ տվեցին հոր հետ առանձնանալ։ Դրանից հետո տղան արտասվում էր։ Լրագրողների հետ զրույցում նա կարճ խոսեց. - «Տեսա, որ լավ էր ինքը, ասեց, որ լավ սովորեմ»։
Վիրահատվելուց հետո Լամբարյանը կտեղափոխվի դատապարտյալների հիվանդանոց, որտեղ, ըստ արդարադատության նախարարության, գտնվում են «Սասնա ծռեր»-ի 7 անդամներ՝ Պավել և Արամ Մանուկյանները, Աշոտ Պետրոսյանը, Հովհաննես Հարությունյանը, Սեդրակ Նազարյանը և Թաթուլ Թամրազյանը։
ՊՊԾ գնդի տարածքը գրավելուց հետո, ըստ պաշտոնական վարկածի, փոխհրաձգության հետևանքով նրանք հրազենային վիրավորումով հայտնվել էին հիվանդանոցում։ Նրանց վիճակը այժմ գնահատվում է բավարար։
Մինչ այժմ «Էրեբուն»-ի հիվանդանոցում վիրահատվել են «Սասնա ծռեր»-ից Աշոտ Պետրոսյանը, Արամ Մանուկյանը և Պավել Մանուկյանը։ Նրանք արդեն տեղափոխվել են դատապարտյալների հիվանդանոց։
Մանուկյանների պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ավելի վաղ «Ազատության»-ն ասել էր, թե Պավել Մանուկյանը վիրահատությունից հետո հենակների օգնությամբ կարողանում է քայլել։
Նշենք, որ «Սասնա ծռեր»-ի և ոչ մի անդամ մեղադրանքը չի ընդունում, պնդում են՝ քաղաքական ակցիա են իրականացրել։ Մինչդեռ ՊՊԾ գնդի տարածքի գրավման հետևանքով զոհվեց երեք ոստիկան։