Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի հետ:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը: Դավիթ Տոնոյանը դեսպանին տեղեկացրել է, որ սեպտեմբերի 25-ին հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել 19-ամյա զինծառայող Սևակ Խաչատրյանը: Փոխնախարարն անթույլատրելի է համարել հրադադարի խախտման փաստը և ընդգծել, որ մահվան ելքով միջադեպի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:
Անջեյ Կասպշիկը, իր հերթին, մտահոգություն է հայտնել տեղի ունեցած միջադեպի և դրա արդյունքում մարդկային կորստի վերաբերյալ, խոստացել է քայլեր ձեռնարկել իրադրության հետագա ապակայունացումից խուսափելու համար: