Պաշտպանության նախարարության վարչական համալիրում պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Հայաստանի Զինված ուժերիգլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:
Հայաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ, խորհրդակցության ընթացքում քննարկվել է հոկտեմբերի 13-ից 15-ը Երևանում կայանալիք Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են զինված ուժերում Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառումները:
Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել անկախության 25-րդ տարեդարձին զորահանդեսի կազմակերպիչներին և մասնակիցներին զորահանդեսը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: