Մատչելիության հղումներ

Ըստ ԿԸՀ նախագահի, ՏԻՄ ընտրություններն անցել են «ազատ ու արդար»


«Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցել են ազատ ու արդար», - պատասխանելով «Ազատության» հարցին՝ այդպես գնահատեց սեպտեմբերի 18-ին 5 մարզերի 317 համայնքներում տեղի ունեցած ընտրությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ չնայած դիտորդական կազմակերպությունների պնդումներին, որ ավելի քան հարյուր ընտրախախտումներ են արձանագրել իրենց ներկայացուցիչները տարբեր ընտրատեղամասերում:

«Այո, ընտրություններն անցել են ազատ և արդար՝ Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան։ Լիարժեք ապահովվել է հրապարակայնության գործոնը, և կապված դիմումների քանակից, նրանց բովանդակությունից, քվեարկության օրը առկա ահազանգերից միանշանակ կարել է անել նման դատողություն», - հայտարարեց ԿԸՀ նախագահը։

Մուկուչյանը չի կարծում, որ Էջմիածնում անգամ թեկնածուներից մեկի ծեծի փաստը կարող էր ստվեր գցել ընտրությունների վրա՝ պնդելով, թե փաստական հիմքեր չկան այլ դատողություններ անելու համար:

Ըստ նրա, ԿԸՀ-ն ընտրությունը չեղարկելու, կասեցնելու իրավական հիմք այս դեպքի առնչությամբ չի ունեցել:

«Չկա որևէ դիմում-բողոք հանձնաժողովում, որ ինչ-որ մեկը չի ներկայացել, որովհետև առկա են եղել ինչ-ինչ պատճառներ, չկա ներկայացված դիմում թեկնածուի կողմից, որ իրենք չեն կարող մասնակցել քվեարկությանը՝ պայմանավորված ինչ-ինչ հանգամանքներով, որ խախտվել են, խոչընդոտվել են նրանց իրավունքները, որը հնարավոր կլիներ ընտրության արդյունքների ամփոփման փուլում դարձնել գնահատման առարկա։ Ի վիճակի չլինելու հետ կապված խնդրով որևէ տեղափոխում և այլն, չի կարող տեղի ունենալ», - հայտարարեց Մուկուչյանը։

Հիշեցնենք, որ քաղաքապետի ընտրությունների նախօրեին ծեծի ենթարկված Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանն ու նրա թիմակիցները պնդում էին, որ ԿԸՀ-ը պետք է չեղյալ համարեր ընտրությունները, որովհետև դրանք անցկացվել են վախի մթնոլորտում:

Վերընտրված քաղաքապետ Կարեն Գրիգորյանը սադրանք և հերյուրանք է այդ ամենը որակել:

Ավելի վաղ իրավապաշտպանները պնդում էին, որ անկախ նույնիսկ թեկնածուներից մեկի կողմից դիմումի ներկայացման, օբյեկտիվորեն իրավիճակը թելադրում էր չեղարկել քվեարկությունը, քանի դեռ չեն վերականգնվել քաղաքացիների կամքի ազատ արտահայտման լիարժեք հնարավորությունները:

Մինչդեռ Մուկուչյանը նշում է՝ դեպքի հետ կապված բացառապես մամուլում են եղել իրարամերժ տեղեկություններ, իսկ կոնկրետ բողոքներ կամ ահազանգեր՝ լցոնումների, վերահաշվարկի, ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ստացել:

«Այդ ընտրությունների հետ կապված որևէ դիմում-բողոք և այլն, բացառությամբ իրարամերժ հայտարարությունները, որոնք եղել էին մամուլում, որևէ նման դիմում հանձնաժողովին ներկայացված չէ։ Կարող էր ներկայացվել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում, որը նորից չի ներկայացվել, հիմա էս պայմաններում մնացածն ընդամենը դատողություններ են, որոնք ներկայացվում են՝ ինչ նպատակներով, ես կդժվարանամ պատասխանել», - ասաց ԿԸՀ նախագահը։

Ընդհանուր առմամբ ընտրախախտումների մասին եղել է 142 դիմում, հաղորդեց ԿԸՀ ղեկավարը՝ միաժամանակ ընդգծելով, որ դրանց մի մասը եղել են բովանդակային շեղումներով և անհասկանալի պահանջներով:

«Կային դիմումներ, որոնք ներկայացվում էին կոնկրետ քաղաքացու անունից, այսինքն՝ դիմումատուն նշված է մի քաղաքացի, դիմումի տեքստում նշված է բոլորովին այլ քաղաքացու անուն-ազգանուն, և այդ պայմաններում, երբ առկա չէ անգամ տեղամասի համարը, էս պայմաններում ուղղակի անհասկանալի է, թե ոնց կարելի է ակնկալել, թե ինչի մասին է խոսքը», - ասաց Մուկուչյանը։

Ներկայացվել է վերահաշվարկի 11 դիմում՝ հինգը Մեծամորի ընտրատեղամասերի, իսկ մնացածը՝ Ազատամուտ և Այրում համայնքների վերաբերյալ: Մուկուչյանի խոսքով, վերահաշվարկը չի ազդել ընտրության արդյունքի վրա:

Այսօր ամփոփվեցին սեպտեմբերի 18-ի վերջնական արդյունքները։ Անդրադառնալով հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին՝ Մուկուչյանը տեղեկացրեց, որ այն անցկացվելու է 6 մարզերում և Արմավիրի մարզի 2 համայնքում: Դիտորդական առաքելություն կիրականացնի 1588 դիտորդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG