Մատչելիության հղումներ

ՔԿ-ն Արշակ Գրիգորյանի մահվան գործի վերաբերյալ մանրամասներ է հրապարակում


Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ պարզելու Արշակ Գրիգորյանի ինքնասպանության հանգամանքները, շարժառիթը, փոխանցում է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Նախնական քննության տվյալներով՝ 1990թ. ծնված Արշակ Գրիգորյանը 2016թ. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 12:30-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, իրենց տան նկուղում ինքնասպանություն է գործել ապօրինի կերպով ձեռք բերված «Մակարով» տեսակի «ԼԱ 1948 Ր» գործարանային համարի ատրճանակից: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակը՝ լիցքավորված փամփուշտներով, 1 պարկուճ և 1 գնդակ», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Որոշում է կայացվել Արշակ Գրիգորյանին տուժող ճանաչելու մասին: Կատարվել է դիակի զննություն, ըստ որի՝ դիակի աջ և ձախ քունքային շրջանում հայտնաբերվել են վերքեր, որոնցից աջ քունքային վնասվածքը, ըստ մասնագետների, մուտքային է, իսկ ձախ քունքային շրջանի վերքը` ելքային: Առգրավվել են տուժածի, ինչպես նաև՝ նրա դիակը հայտնաբերած հարազատի հագուստները, վերցվել են անհրաժեշտ փորձանմուշներ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որոնց թվում՝ դատաբժշկական, դատամատնադրոշմային, դատակենսաբանական:

Հարցաքննվել են մի շարք անձինք, որոնց թվում՝ տուժածի մերձավոր ազգականները, հարազատները, ընկերները։ Օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ տարածքում առկա են տեսանկարահանող սարքեր, որոնց տեսագրություններն առգրավվել են, և նշանակվել է տեսաձայնագրային փորձաքննություն։

Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք) 1-ին մասերով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Քննության արդյունքների մասին Քննչական կոմիտեն խոստանում է տեղեկացնել պարբերաբար։

Հիշեցնենք՝ Արշակ Գրիգորյանը Գյումրիում հոկտեմբերի 2-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի որդին է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG