Մատչելիության հղումներ

Հայաստանը «Իսկանդեր»-ը օգտագործելու է Ադրբեջանին զսպելու համար․ «Վեդոմոստի»


Զորահանդեսի փորձը Երևանի Հանրապետության հրապարակում, 17-ը սեպտեմբերի, 2016թ․
Զորահանդեսի փորձը Երևանի Հանրապետության հրապարակում, 17-ը սեպտեմբերի, 2016թ․

Հայաստանը Ռուսաստանից ստացած «Իսկանդեր» համալիրն օգտագործելու է Ադրբեջանին զսպելու համար, գրել է ռուսաստանյան «Վեդոմոստի» պարբերականը՝ անդրադառնալով զենքի ցուցադրմանը Երևանում՝ Անկախության 25-ամյակի զորահանդեսի փորձին:

Թեև պաշտոնական աղբյուրներն այս մասին հրապարակավ դեռ չեն խոսում, սակայն «Ռոսօբորոնէքսպորտ»-ի երկու ղեկավար պաշտոնյաներ «Վեդոմոստի»-ի հետ զրույցում հաստատել են, որ Հայաստանին բանակի մեկ դիվիզիոնի հաշվարկով «Իսկանդեր M» է տրամադրվել, միաժամանակ ընդգծելով՝ իրենց ռազմաարդյունաբերական ընկերությունը դրա հետ որևէ կապ չունի: Ըստ ռուսական կողմի, այս զինատեսակը ձեռք է բերվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում զենքի առաքումների մասին համաձայնագրի հիման վրա` շրջանցելով պետական միջնորդին: Ընդ որում, «Վեդոմոստի»-ի աղբյուրները հավաստիացրել են նաև, որ «Իսկանդեր»-ը գնվել է Ռուսաստանի կողմից զենքի ձեռքբերման համար Հայաստանին տրամադրված 200 միլիոն վարկի պայմանագրից դուրս՝ այլ միջոցներով:

Թերթը մանրամասնում է՝ մոտ քսան տարի առաջ նախագծված այս ճշգրիտ և հեռահար համակարգը մինչ այժմ որևէ երկիր չէր արտահանվել: Տասը տարի առաջ «Իսկանդեր»-ը Սիրիա ուղարկելու պայմանագիր էր կնքվել, սակայն այն չիրագործվեց՝ Իսրայելի կառավարության խնդրանքով:

Ռուսական բանակի պահեստազորի գնդապետ Վիկտոր Մուրախովսկին «Վեդոմոստի»-ին ասել է, որ «Իսկանդեր»-ի առաքման հնարավոր նվազագույն քանակը մեկ դիվիզիոնն է՝ չորս գործարկող սարքով` երկուական հրթիռ յուրաքանչյուրում:

«Կարելի է ենթադրել, որ հենց այդ քանակն էլ առաքվել է Հայաստան: Այն արդյունավետ միջոց է հրամանատարական շտաբերի և հրետանու, այդ թվում՝ ռեակտիվ հրետանու խոցման համար», - ասել է ռուս փորձագետը:

ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրն էլ «Վեդոմոստի»-ին պատմել է՝ այն բանից հետո, երբ Ադրբեջանը Ռուսաստանից, Ուկրաինայից և Իսրայելից հեռահար հրթիռային համակարգեր ստացավ, Հայաստանի մոտ մտավախություններ առաջացան, որ դրանք կօգտագործվեն խաղաղ բնակիչներին հարվածելու համար, իսկ ապրիլին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը արդեն բացահայտ սպառնաց «ջախջախիչ հարված» հասցնել Ստեփանակերտի ուղղությամբ: «Այս պայմաններում «Իսկանդեր» համակարգը կարող է Ադրբեջանին զսպելու լուրջ միջոց դառնալ», - ասել է «Վեդոմոստի»-ի զրուցակիցը:

Ադրբեջանցի ռազմական փորձագետ Թելման Էբիլովը «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում հաստատել է, որ «Իսկանդեր»-ը հզոր զինատեսակ է, ընդգծելով՝ սա չի նշանակում, թե պետք է ձեռքերը թափ տալ, անհրաժեշտ է մտածել Ադրբեջանի բանակը է՛լ ավելի արդիականացնելու ու ռազմական ներուժն ավելացնելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG