Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ), երեկ Հայաստանի 317 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.42 տոկոսը՝ 319 հազար 916 ընտրող:
ԿԸՀ-ի փոխանցմամբ, ընտրությունների արդյունքները դեռ ամփոփվում են: Ընտրությունների նախնական արդյունքներով, Էջմիածնում հաղթել է գործող քաղաքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի տղան՝ Կարեն Գրիգորյանը՝ հավաքելով 10 հազար 587 ձայն, նրա մրցակից Արթուր Թումանյանը ստացել է 3 հազար 651 ձայն։
Նոր Կյանք գյուղում գործող գյուղապետ, Հանրապետական կուսակցության անդամ Մայիս Աբրահամյանը պարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Գարիկ Սարգսյանին։ Հաղթող թեկնածուն հավաքել է 467, իսկ պարտվողը՝ 400 ձայն։
Ծաղկահովիտ գյուղում, որտեղ առաջադրվել էր նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ, կալանավորված Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլ»-ը, նախնական տվյալներով, գյուղապետ է ընտրվել ինքնաառաջադրված, նախկին գյուղապետ Նորայր Հակոբյանը։ Նա ստացել է 364 քվե, գործող գյուղապետ Երվանդ Խաչատրյանը՝ 311 քվե, իսկ Արայիկ Խանդոյանը՝ 257 քվե։
Ջրառատ գյուղում միմյանց դեմ մրցում էին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի քրոջ որդին՝ Հանրապետական Սամվել Գալստյանը և «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Արամ Ղուկասյանը։ Նախնական արդյունքներով, հաղթել է Սամվել Գալստյանը՝ հավաքելով 647 ձայն։