Մատչելիության հղումներ

Կրակոցներ Էջմիածնում․ միջադեպ գործող քաղաքապետի և քաղաքապետի թեկնածուի մասնակցությամբ


Էջմիածնի քաղաքապետի ընտրություններից մեկ օր առաջ քաղաքում կրակոցներ են հնչել: Միջադեպի մասնակիցներն էին գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի որդին, ու քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը:

«Ազատության» հետ զրույցում Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Վարդան Վարդանյանը պատմեց՝ երեկ Երևանից Էջմիածին վերադառնալու ճանապարհին Կարեն Գրիգորյանը հարձակման է ենթարկվել: Նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդի Ստեփան Աբգարյանի ՎԱԶ-2106 ավտոմեքենան, ըստ խոսնակի, կտրել է քաղաքապետ Գրիգորյանի ճանապարհն ու կրակոցներ են արձակվել գործող քաղաքապետի մեքենայի ուղղությամբ: Խոսնակն ասում է՝ ՎԱԶ-2106 ավտոմեքենայում է եղել նաև քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը:

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյան, արխիվ
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյան, արխիվ

«Կարեն Գրիգորյանը` քաղաքապետ, եղել է իր եղբոր մեքենայով՝ Արման Գրիգորյանի, երթևեկությանը հակառակ մտել է ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենա, կարծեմ 06 001 համարներով, հետո պարզվեց, որ դա Հրաչիկ Աբգարյանի եղբորորդու մեքենան է՝ Ստեփան Աբգարյանի: Կտրել են ճանապարհը, ապակիից թևը հանել սկսել են կրակել՝ այն մեքենայի ուղղությամբ, որում Կարեն Գրիգորյանն էր», - ասաց Վարդանյանը՝ ի պատասխան «Ազատության» հարցի հավելելով․ - «Բարեբախտաբար Գրիգորյանի վիճակը լավ է»։

«Փաստ է, որ հանցագործություն է կատարվել, մարդիկ հրազեն են կիրառել: Որոշ կայքեր փորձել էին ներկայացնել, թե իբրև փոխհրաձգություն է եղել, բայց ո՛չ Կարեն Գրիգորյանի, ո՛չ իրենց մեքենայում եղած որևէ մեկի մոտ հրազեն չի եղել, էլի: Ես կարդացի հարցազրույցը Հրաչիկ Աբգարյանի, նա տեսեք ինչքանո՞վ է տրամաբանության մեջ տեղավորվում մարդկային, ասում է՝ «Կարեն Գրիգորյանի կողմնակիցներն են սադրել, իրենք մեքենայով մեր փողոցով անցնում էին»: Նախ իրենց փողոցում չի եղել դա՝ եղել է Երևան-Էջմիածին ավտոճանապարհին, բայց դիցուք ինչ-որ մեկը իրենց փողոցով անցնում է՝ ավտոյից պիտի հանեն կրակե՞ն, դա արդարացո՞ւմ է», - ընդգծեց Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետը:

Քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը այս պահին վնասվածքներով պառկած է հիվանդանոցում և գտնվում է ոստիկանների հսկողության տակ: «Ազատությանը», սակայն, հաջողվեց զրուցել նրա հետ, ասաց՝ այո, ինքն օդ է կրակել, որպեսզի գեներալի որդին՝ Կարեն Գրիգորյանը, եղբայրն ու նրանց շուրջ 20 թիմակիցները դադարեցնեն իրենց նկատմամբ հետապնդումներն ու մեքենաներով չհարվածեն ընթացքի մեջ գտնվող իրենց մեքենային: Զենքն էլ, ասաց, իրենը չէ՝ Կարեն Գրիգորյանի ձեռքից է ընկել, ինքն էլ վերցրել է: Պնդեց՝ ընտրություններից մեկ օր առաջ զանգ են ստացել, թե Էջմիածնի ավագանու անդամ Կիրակոս Վաժակյանին առևանգել ու գազալցակայաններից մեկում ծեծում են: Թումանյանն ասաց՝ ինքն ու Ստեփան Աբգարյանը շարժվել են լցակայանների ուղղությամբ, բայց իրենց ճանապարհը կտրել են Կարեն Գրիգորյանը, նրա եղբայրն ու թիմակիցները, շուրջ 7 մեքենայով հարձակվելով իրենց՝ երկուսի վրա:

«Մենք էդ շտաբի աշխատողին գողացել էին, զանգ էր եկել, որ զապրավկում ծեծում են իրեն, մենք էլ Էջմիածնում ինչքան զապրավկա կար՝ ման էինք գալիս, էդ րոպեին Կարենը ջիպով ախպոր հետ եկավ ու հարվածեց մեր մեքենային: Իջան մեջից վազեցին դեպի մեր կողմը, էդ ընթացքում Կարենի վրայից զենքը ընկավ: Ես վերցրեցի, նստեցինք մեքենան ու սկսեցինք փախնելը «06»-ով, ու սկսեցին մեր հետևից 7-8 հատ մեքենայով մոտ մի կիլոմետրուկես հետապնդելը և մեքենաներով խփում էին մեր մեքենաներին, էդ ճանապարհի վրա․․․ Մենք էլ հակառակ երթևեկություն․․․», - պատմեց Թումանյանը:

Դեպքի ընթացքում մեքենաները բախվել են իրար: Արթուր Թումանյանն ու Ստեփան Աբգարյանը, ովքեր գտնվել են ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայում, սալջարդերով և գանգուղեղային տրավմաներով տեղափոխվել են հիվանդանոց: Աբգարյանը այսօր առավոտյան դուրս է գրվել:

Երևան-Էջմիածին ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու, օգտագործելու հատկանիշներով:

Նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը պահանջում է չեղյալ հայտարարել վաղվա ընտրությունները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սակայն, մտադիր չէ հետաձգել դրանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG