Մատչելիության հղումներ

Մելքումյան. Գագիկ Ծառուկյանը ժամանակավոր է հեռացել քաղաքականությունից


«Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը տեղին է համարում վարչապետ Կարեն Կարապետյանի՝ երեկ հնչեցրած հայտարարությունները:

«Երեկվա կառավարության նիստում նորմալ եմ համարում էդ ճիշտ հարցադրումը, տեղին հարցադրումը։ Շատերը կարող են ասել՝ «մի քիչ կոշտ էր», բայց ոչ, շատ տեղին եմ համարում», - հայտարարեց Մելքումյանը։

Հիշեցնենք, երեկ կառավարության նիստի ժամանակ վարչապետը կասկածի տակ դրեց Էկոնոմիկայի դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանի պատասխանը: «Ինչքա՞ն ժամանակ է ծախսել նախորդ ընկերությունը [«Նանման» ընկերությունը] մինչև այս արտոնությունը ստացել է։ Ե՞րբ է դիմել Ձեզ», - Մինասյանից հետաքրքրվեց վարչապետը։ Էկոնոմիկայի նախարարը պատասխանեց, թե ընկերությունը գրեթե մեկ շաբաթ է ծախսել արտոնությունը ստանալու համար, վարչապետն էլ հակադարձեց՝ ասելով, թե չի հավատում։ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ այսօր հորդորեց նորանշանակ վարչապետին՝ զերծ մնալ շոուներից։

Հարցին, թե ինչպիսի՞ն է լինելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ճակատագիրը Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո, Միքայել Մելքումյանը հակադարձեց, թե ԲՀԿ հիմնադիրը Գագիկ Ծառուկյանն է, և ոչ թե Հովիկ Աբրահամյանը, ապա ուշագրավ հայտարարություն արեց. - «Եվ եթե Գագիկ Ծառուկյանը ժամանակավորապես հեռացել է քաղաքականությունից, այն ռեսուրսը, որ նա դրել է այս մեր քաղաքական ուժի կայացման և հետագա հաջողություն ունենալու մեջ, դա որևէ մեկը Բարգավաճից չի խլել»։

«Ազատություն». - Քիչ առաջ հայտարարեցիք, որ Գագիկ Ծառուկյանը ժամանակավոր է հեռացել քաղաքականությունից, կնշե՞ք, այդ դեպքում, Ծառուկյանը ե՞րբ է պատրաստվում վերադառնալ և ինչպե՞ս։

Միքայել Մելքումյան. - Ժամանակավոր, երբ որ ասում եմ... ընդհանրապես մենք ապրում ենք ժամանակի և տարածության մեջ, հարցը պետք է ուղղեք իրեն։ Այսինքն, այս հացը շատ է արծարծվում, ուզում եմ հստակ ասել, որ այո՛, երբ որ մենք գնում ենք մարզեր, երբ որ մենք խոսում ենք մեր կուսակիցների հետ, այո՛, էդպիսի հարցադրումներ շատ կան, ուզո՞ւմ եք ավելի անկեղծ ասեմ՝ մարզերի մեծ մասում մարդիկ չգիտեն, որ Գագիկ Ծառուկյանը դուրս է եկել, թե ... ԲՀԿ-ն իսկապես կապվում է Գագիկ Ծառուկյանի անվան հետ, սա պարզ է, ես թաքցնելու բան չունեմ, ինքը կորոշի։ Երբ որ ես ասում եմ ժամանակավոր... էս կյանքում ամեն ինչ ժամանակավոր է։

«Ազատություն». - Այսինքն, չե՞ք բացառում, որ առաջիկայում նա կարող է ինչ-որ ձևով վերադառնալ։

Միքայել Մելքումյան. - Իր որոշումների մասին ինքն է հայտարարելու։

Հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից այն բանից հետո, երբ 2015 թվականի փետրվարին Հանրապետականի ղեկավար, նախագահ Սերժ Սարգսյանը նրան «չարիք» անվանեց՝ հորդորելով վարչապետին ստուգումներ անցկացնել «գողացված միլիարդները» բարեգործության անվան տակ քողարկելու լուրերի առնչությամբ։

Փոխադարձ մեղադրանքներից հետո, ի վերջո, Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե հեռանում է քաղաքականությունից՝ հրաժարվելով նաև ԲՀԿ-ի ղեկավարի պաշտոնից:

Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին այսօր լրագրողները հարցրեցին, արդյո՞ք հնարավոր համարում է Ծառուկյանի վերադարձը՝ հաշվի առնելով Միքայել Մելքումյանի այն հայտարարությունը, թե նա ժամանակավոր է հեռացել քաղաքականությունից:

«Հիմա ես չգիտեմ՝ Միքայել Մելքումյանի մոտ ինչ-որ բան փոխվել է, թե՝ չէ, մեզ մոտ չի փոխվել։ Գագիկ Ծառուկյանի հետ էլ շփումներից չեմ նկատում, որ բան է փոխվել, նա խոսքի մարդ է, ես հավատում եմ իր խոսքին, իսկ մնացածը թողնենք ապագային», - հայտարարեց Բաղդասարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG