Մատչելիության հղումներ

Սվիտալսկի․ Հայաստանում բարեփոխումներ իրականացնել ցանկացող ուժը լեգիտիմության կարիք ունի


Երևանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի խոսքով, Հայաստանն այժմ վճռորոշ ճամփաբաժանի վրա է և երկրին հարկավոր են խորը բարեփոխումներ, սակայն, որևէ քաղաքական ուժ, որը ցանկանում է Հայաստանում բարեփոխումներ իրականացնել, ուժեղ լեգիտիմության կարիք ունի:

«Ազատության» հետ զրույցում Սվիտալսկին ընդգծեց՝ լեգիտիմության լավագույն աղբյուրը այնպիսի ընտրություններն են, որոնք ժողովրդի կողմից կդիտարկվեն որպես ազատ ու արդար:

«Ազատություն»․ - Պարոն դեսպան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի իշխանությունների և ընդդիմության միջև Ընտրական օրենսգրքի շուրջ օրերս ձեռք բերված պայմանավորվածությունը:

Սվիտալսկի․ - Համոզված եմ, որ ընտրական գործընթացների շուրջ այս տարի ավելի վաղ մեկնարկած 4+4+4 ձևաչափով երկխոսությունը Հայաստանի համար շատ կարևոր է: Կարծում եմ, որ այս երկխոսությունը նոր որակ ապահովեց քաղաքական կյանքում: Իշխանական կոալիցիայի և ընդդիմադիր կուսակցությունների միջև այս երկխոսությունը ապացուցում է, որ Հայաստանի քաղաքական մշակույթը կարող է լինել շատ հասուն, որ Հայաստանի քաղաքական դաշտի շահագրգիռ կողմերը, չնայած շատ ակնհայտ և խորը տարբերությունների ու տարաձայնությունների, կարող են նստել մի սեղանի շուրջ և, ի շահ Հայաստանի, աշխատել միասին` համատեղ լուծում, փոխզիջում պատրաստելու համար, և, չնայած այս տարբերությունների, նրանք կարող են հասնել փոխզիջման: Կարծում եմ, որ այս երկխոսությունը, այս գործընթացը կարող է լինել Հայաստանի քաղաքական կյանքի նոր ու շատ կարևոր մի առանձնահատկություն․հասնել փոփոխությանը՝ երկխոսության, քննարկումների, փոխզիջման միջոցով: Եվրամիությունը հավատացած է՝ այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 13-ին, ինչ տեղի ունեցավ մինչ այդ, մեծ համբերատարությամբ ու վճռականությամբ տեղի ունեցած ողջ գործընթացը, մի բան է, որով Հայաստանը կարող է հպարտանալ:

«Ազատություն». - Ընդդիմության ներկայացուցիչները չեն թաքցնում իրենց դժգոհությունը, որ մատնահետքերը ներբեռնող սարքավորումներ ընտրատեղամասերում չեն տեղակայվելու: Ի՞նչ եք կարծում, այդ սարքավորումների բացակայությունը բացասական ազդեցություն կունենա՞ ընտրությունների ընթացքի վրա:

Սվիտալսկի․ - Կարծում եմ, որ ողջ գործընթացը, այդ թվում՝ ձեռքբերված համաձայնությունը՝ թե՛ սեպտեմբերյան, թե՛ հունիսյան համաձայնությունները, ի սկզբանե նախատեսված են եղել, որպես վստահությունը մեծացնող միջոցներ, որովհետև այն, ինչ Հայաստանին անհրաժեշտ է, դա՝ վստահությունն է, վստահություն, որ հաջորդ ընտրությունները կարտացոլեն բնակչության իրական կամքը: Կարծում եմ, որ իշխանական կոալիցիայի և ընդդիմադիր կուսակցությունների միջև երկխոսության ողջ մեխանիզմն, ու վերջերս նույնիսկ քաղաքացիական հասարակության ներգրավումը այս երկխոսությանը, վստահության մեծացման նպատակ են հետապնդում: Այլ բան է, թե որքան այս կամ այն տեխնիկական մոտեցումը կարող է բերել վստահության մեծացման: Բայց երբեք վստահ չեք կարող լինել, որ տեխնոլոգիաները, որպես այդպիսիք, կարող են լուծել բոլոր խնդիրները: Չկա ընտրությունների կատարյալ մի տեխնիկական մոտեցում, մենք դա գիտենք, նույնիսկ ամենաբարդ մեքենաները չեն լուծում խնդիրը: Մենք դա գիտենք նմանատիպ սարքավորումներ տեղադրած այլ երկրների փորձից: Ուստի, տեխնոլոգիաները պետք է դիտարկել ավելի լայն տեսանկյունից: Հարկավոր է պատրաստակամություն՝ ցուցադրելու քաղաքական կամք գալիք ընտրություններում նոր որակ կառուցելու համար: Հավատացած եմ, որ 4+4+4 ձևաչափով քննարկումների բոլոր մասնակիցները վարել են այս բանակցություններն ազնվորեն: Հավատացած եմ՝ սա մի ազդակ է, որ կա համատեղ կամք՝ հաջորդ ընտրություններում խուսափելու վիճարկումներից, թե արդյո՞ք նրանք եղել են ազատ ու արդար: Դիտարկում եմ ողջ գործընթացը որպես վստահությունը մեծացնելու ու ընտրությունների նոր որակ ունենալու կամքի արտահայտությունը: Ինչ վերաբերում է հունիսյան համաձայնությանը, անշուշտ, ափսոս է, որ նախորդ համաձայնագիրն այժմ չի կարող իրագործվել: Ինչպես գիտեք, մենք դրա իրագործմանը շատ էինք սատարում ու պատրաստ էինք տրամադրել ֆինանսավորման զգալի մասը։ Բայց, ինչպես ես եմ հասկանում, հունիսյան համաձայնագիրը պարզապես հետաձգվել է, որովհետև սեպտեմբերյան համաձայնագիրը հղում է կատարում առ այն, որ հունիսյան համաձայնագիրը ի կատար է ածվելու ավելի ուշ, մյուս՝ հաջորդող ընտրություններում: Այնպես որ, ես հավատում եմ, որ ոչ մի բան կորած չէ, որ բոլոր ձեռքբերված համաձայնությունները ազնվորեն կիրագործվեն ժամանակին:

«Ազատություն»․ - Եվրամիությունը պատրաստվում է արդյո՞ք ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանությունների և ընդդիմության միջև ձեռք բերված պայմանավորվածության կյանքի կոչմանը, և եթե նման նպատակ կա, կարո՞ղ եք ասել՝ ինչ գումարի մասին է խոսքը:

Սվիտալսկի․ - Ինչպես ասված է Եվրամիության Բարձր ներկայացուցիչ Մոգերինիի անունից նրա մամլո խոսնակի՝ նախօրեին Բրյուսելում արված հայտարարության մեջ, Եվրամիությունը հանձնառու է տրամադրել անհրաժեշտ ֆինանսական աջակցությունը՝ իշխանական կոալիցիայի և ընդդիմադիր կուսակցությունների միջև համաձայնության իրականացման համար: Այս աջակցությունը կլինի նշանակալի, ի լրումն այլ դոնորների [տրամադրած օգնության]: Ինչպես գիտենք, որոշ այլ երկրներ, այդ թվում՝ Եվրամիության մի շարք անդամ երկներ, առաջարկել են ֆինանսական աջակցություն: Կարծում ենք, այս աջակցությունը բավարար կլինի՞՝ բոլոր անհրաժեշտ կարիքները հոգալու համար: Այնպես որ, վստահ եմ՝ ներգրավելով նաև [Հայաստանի] կառավարությանը․․․ որովհետև հարկավոր է ոչ միայն արտաքին աջակցություն, այլև՝ [Հայաստանի] կառավարության լուրջ ներգրավման կարիքն ունենք՝ այս ընտրությունների անցկացման համար, որոնք պետք է անցկացվեն այն տեխնիկական պահանջներին համապատասխան, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել սեպտեմբերին: Այս ամենը կապահովի, որ ամեն ինչ ընթանա բոլոր հույսերին ու ակնկալիքներին համահունչ, և մենք կունենանք սեպտեմբերյան համաձայնագրում ամրագրված բոլոր պայմանավորվածությունները, որոնք կարտացոլվեն նաև օրենքներում, այնուհետև կիրագործվեն ժամանակին՝ ընտրություններից առաջ:

«Ազատություն»․ - Հայաստանյան ընդդիմությունն իր դժգոհությունն է արտահայտում ընտրությունների ընթացքի, արդյունքների հետ կապված: Հայտարարվում է, որ կեղծվել են ընտրությունները: Ի՞նչ եք կարծում, Ընտրական օրենսգրքի շուրջ այս պայմանավորվածություններից հետո․․․ եթե մենք դարձյալ նույն արդյունքներն ունենանք, եթե դարձյալ ընդդիմությունը հայտարարի ընտրակեղծիքների մասին, արդյո՞ք այդ իրավիճակը կարող է իր ազդեցությունն ունենալ Հայաստան-Եվրամիության հարաբերությունների վրա:

Սվիտալսկի․ - Մենք բոլորս համաձայն ենք, որ Հայաստանը այժմ վճռորոշ ճամփաբաժանի վրա է: Հայաստանը կանգնած է մեծ մարտահրավերների առաջ: Եվ կարծում եմ, որ բոլորն ունեն այն գիտակցումը, որ Հայաստանին պետք են խորը և համապարփակ բարեփոխումներ: Կարող եմ հղում կատարել մի շատ կարևոր հայտարարության, որը վերջերս արել է Հայաստանի նախագահը, ու կարող եմ ասել Ձեզ, որ Եվրամիությունում մենք լիովին կիսում ենք նրա գնահատականը` Հայաստանին անհրաժեշտ են բարեփոխումներ: Եվ մենք պատրաստ ենք աջակցել նրան: Բայց ցանկացած քաղաքական ուժ Հայաստանում, որը ցանկանում է իրականացնել բարեփոխումներ և առաջ տանել երկիրը, կարիք ունի շատ ուժեղ լեգիտիմության: Ցանկացած քաղաքական ուժի համար չկա ավելի լավ լեգիտիմության աղբյուր, քան ընտրությունները, որոնք ժողովրդի կողմից կդիտարկվեն որպես ազատ ու արդար ընտրություններ, որոնք կարտացոլեն բնակչության կամքը: Հասկանում ենք, որ չկա ընտրությունների կատարյալ մի մոդել: Ժողովրդավարությունը որևէ երկրում կատարյալ չէ: Մշտապես կլինեն հիասթափություններ և դժգոհություններ, որ ընտրական համակարգի այս կամ այն տարրը որոշակի իմաստով անաչառ չէ կամ որ չի բավարարում այս կամ այն խմբի շահերը: Բայց այս ամենը մի կողմ դնելով, կարծում եմ, որ իմանալով վերջին տարիների ընտրությունների պատմությունը և դրանց շուրջ եղած վիճարկումները, միջազգային դիտորդների քննադատական հայտարարությունները և այլն, մենք կարծում ենք, որ Հայաստանն այժմ ունի իրական շանս՝ ցույց տալու, որ քաղաքական մշակույթը Հայաստանում ուժեղ է, հասուն է, որ հանուն երկրի ապագայի հայաստանցիները կարող են կառուցել Հայաստանի ռազմավարական նպատակներին ծառայող շատ ուժեղ կոնսենսուսային հենք: Եվ մեր` Եվրամիության շահը Հայաստանում շատ պարզ ու թափանցիկ է: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը զարգացում ապրի, ուզում ենք, որ Հայաստանը բարգավաճի, ուզում ենք, որ Հայաստանը իսկապես ապահովի հնարավորինս լավագույն պայմանները սեփական զարգացման համար: Սա մեր ռազմավարական նպատակն է մեր հարևանությունում: Հայաստանը կարևոր գործընկեր է մեզ համար, ու մենք ասում ենք, որ գաղտնի օրակարգ չունենք: Մենք միայն ցանկանում ենք կայուն, ճկուն և բարգավաճ Հայաստան:

«Ազատություն»․ - Խոսեցինք Հայաստան-Եվրամիություն հարաբերություններից․․․ ի՞նչ փուլում են գտնվում շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները, և, ի՞նչ եք կարծում, այդ փաստաթուղթը ե՞րբ կարող է ստորագրվել:

Սվիտալսկի․ - Նոր համաձայնության շուրջ բանակցություններն այս աշնանը մտնում են շատ կարևոր մի փուլ: Բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա գալիք շաբաթ Բրյուսելում: Մի շարք այլ հանդիպումներ արդեն նախատեսված են, մասնավորապես, հոկտեմբերին նախատեսված է առևտրի հարցերի շուրջ հանդիպումը: Այնպես որ, կարծում եմ, որ երկու կողմում էլ առկա է պատրաստակամություն` պահպանել բանակցությունների լավ ընթացքը: Ի սկզբանե երկու կողմերն էլ համաձայնել են, որ վերջնաժամկետներ չենք օգտագործի, բայց ես կարող եմ Ձեզ ասել, որ Եվրամիության կողմից կա պատրաստակամություն՝ ավարտել բանակցությունները ինչքան հնարավոր է շուտ: Եվրամիությունն, անշուշտ, ունի իր կարմիր գծերը: Եվրամիությունն ունի շատ հստակ մոտեցումներ որոշ խնդիրներին: Բայց կարծում եմ, որ փոխզիջման հնարավոր է հասնել, և շուտով կարող ենք ունենալ արդյունք: Այս բանակցություններում Եվրամիությունը շատ հստակ է՝ իր հնարավորությունների և դիրքորոշման հետ կապված: Այնպես որ, հուսանք, բանակցություններում առկա ընթացքը կպահպանվի ու մենք կունենանք լավ արդյունք, որովհետև, ես կարծում եմ, որ Հայաստանում կան շատ հույսեր, առնվազն իմ հանդիպած շատ մարդիկ հուսով են, որ կլինի բարձր չափանիշներին համապատասխանող համաձայնագիր, որը մեր հարաբերություններին կհաղորդի նոր որակ:

«Ազատություն»․ - Հայաստանում նոր կառավարություն է: Գիտեք, որ օրերս նշանակվեց նոր վարչապետ: Ի՞նչ գնահատական կարող եք տալ նախորդ կառավարության հակակոռուպցիոն պայքարին, և Բրյուսելում ի՞նչ են սպասում Հայաստանի նոր վարչապետից, նոր կառավարությունից:

Սվիտալսկի․ - Վերջին ամիսներին՝ մինչև ամառային արձակուրդները, մենք ունեցել ենք շատ լավ քննարկումներ արդեն նախկին կառավարության հետ, նախկին նախարարների հետ որոշ բարեփոխումների շուրջ, որ Եվրամիությունը ցանկանում էր աջակցել, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Ես անձամբ մասնակցել եմ վարչապետի նախագահությամբ կայացած հակակոռուպցիոն խորհրդի նիստերին, ունեցել եմ լավ զրույցներ ձեր նախարարներից ոմանց հետ, նախարար Հարությունյանի, նախարար Հովհաննիսյանի հետ: Գիտեմ լավ ծրագրերի և գաղափարների մասին, որոշ կոնկրետ միջոցառումների, կոնկրետ օրենսդրական փոփոխությունների մասին, որոնք կներդնեն Հայաստանում բավականին ուժեղ մեխանիզմներ՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Ողջունում եմ նոր վարչապետի հայտարարությունը, որ նոր կառավարությունը կփորձի շարունակել աշխատանքը որոշ բարեփոխումների շուրջ, որոնք հայտարարվել կամ մշակվել են նախորդ կառավարության կողմից: Հուսով ենք, որ նոր կառավարությունը կշարունակի այս նախաձեռնությունները՝ հատկապես լավ կառավարման և հակակոռուպցիոն պայքարի հետ կապված: Համոզված եմ՝ դա այդպես կլինի: Մենք՝ Եվրամիությունը, պատրաստ է աջակցել նոր կառավարությանը բարեփոխումների իրականացման գործում: Հուսով ենք, որ մեր աջակցությունը օգտակար կլինի նոր կառավարության համար: Մենք պատրաստ ենք: Մենք ցանկանում ենք շատ սերտ աշխատել նոր կառավարության հետ և մաղթում ենք նոր կառավարությանը, նոր վարչապետին ամենայն հաջողություն Հայաստանում դրական փոփոխություններին հասնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG