Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը հորդորում է Կարեն Կարապետյանին զերծ մնալ շոուներից


Դաշնակցությունը հորդորում է նորանշանակ վարչապետին՝ զերծ մնալ շոուներից։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, պատասխանելով «Ազատության» հարցին, հայտարարեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Հիշեցնենք, երեկ կառավարության նիստի ժամանակ վարչապետը կասկածի տակ դրեց Էկոնոմիկայի դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանի պատասխանը: «Ինչքա՞ն ժամանակ է ծախսել նախորդ ընկերությունը [«Նանման» ընկերությունը] մինչև այս արտոնությունը ստացել է։ Ե՞րբ է դիմել Ձեզ», - Մինասյանից հետաքրքրվեց վարչապետը։ Էկոնոմիկայի նախարարը պատասխանեց, թե ընկերությունը գրեթե մեկ շաբաթ է ծախսել արտոնությունը ստանալու համար, վարչապետն էլ հակադարձեց՝ ասելով, թե չի հավատում։

«Ազատություն». - Պարոն Ռուստամյան, կցանկանայի Ձեր գնահատականը՝ երեկ կառավարության նիստում տեղի ունեցած միջադեպին։ Ըստ էության, վարչապետը անվստահություն կարծես թե հայտնեց Ձեր նախարարին։ Ի՞նչ է սա նշանակում, արդյո՞ք կարող են նաև փոփոխություններ լինել Ձեր նախարարների հետ կապված նոր կաբինետում։

Արմեն Ռուստամյան. - Զերծ մնանք ընդհանրապես շոուների տրամաբանությանը համապատասխանող, ինչ-որ տպավորություն ստեղծող քայլերից, որոնք շատ կարճաժամկետ կյանք կարող են ունենալ։ Հավատալը, գիտեք, այդ էն տեղը չի, որտեղ վարչապետը պետք է հավատա, կամ չհավատա։ Պետք է ստուգել, եթե մի բան կա, տեսնում ես, դրա հավատալը ո՞րն է, եթե չկա, ուրեմն, առավել ևս, հավատալու խնդիր չկա։ Սա էդ տեղը չի՝ հավատափորձության տեղ չի, այդտեղ կոնկրետ կառավարություն է, որտեղ կոնկրետ գործեր պետք է կատարվեն և այդ կոնկրետ գործերը կամ կան, կամ չկան։

«Ազատություն». - Ձեր կարծիքով, շոո՞ւ էր այն, ինչ տեղի ունեցավ։

Արմեն Ռուստամյան. - Ես չեմ կարծում, որ նոր-նոր է վարչապետն իր գործունեությունը սկսում, և հավատի միջոցով այդտեղ ինչ-որ քննարկումներ կատարելը, կարծում եմ, ճիշտ ճանապարհ չէ։ Մենք վստահում ենք ամբողջությամբ, մասնավորապես, տվյալ պարագայում Արծվիկ Մինասյանին, որ նա գիտի իր համակարգը, և եթե չի հավատում վարչապետը, որ նա գիտի, թող համոզվի։

«Ազատություն». - Պարոն Ռուստամյան, Ձեզ դուր չի՞ եկել Կարեն Կարապետյանի այդ նկատողությունը, հայտարարությունը Ձեր կուսակցի հասցեին։

Արմեն Ռուստամյան. - Ես զերծ կմնայի, իր փոխարեն, այդպիսի բառապաշար օգտագործելուց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG