«Ուրիշի բիզնեսը որևիցե կերպ չենք խլելու», - այսօր Ազգային ժողով- կառավարություն հարցուպատասխանից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Հարցին, թե խաղի նոր կանոննե՞ր են լինելու, Կարապետյանը պատասխանեց. - «Այո, կլինեն խաղի հավասար կանոններ։ Մենաշնորհներին պետք է վերաբերվել հետևյալ կերպ՝ երկրի փոքրությունը բերելու է նրան, որ որևիցե ոլորտում միշտ լինելու է խոշոր խաղացող, այլ խնդիր է, թե խոշոր խաղացողը արդարացի, մրցունակ պայմաններում է առաջանում, թե՞՝ ադմինիստրացիոն կերպով։ Լինելու են հավասար պայմաններ, եթե մեկնումեկը լինի հաջողակ բիզնես, մենք իրենից այդ բիզնեսը որևիցե կերպ չենք խլելու»։
Ճշտող հարցին, թե արդյո՞ք մինչև հիմա խաղի այլ կանոններ են գործել, վարչապետն ասաց, որ այո, իսկ թե ինչո՞ւ, Կարապետյանը չկարողացավ պատասխանել։
Արձագանքելով մամուլի այն պնդումներին, թե վարչապետն ուղարկվել է Կրեմլից, Կարապետյանն ասաց, որ նման խոսակցություններին արձագանքում է ժպիտով։