Մատչելիության հղումներ

Վարչապետ. «Մեր տնտեսության վիճակը չափազանց ծանր է»


«Որ մենք շատ արագ մեր տնտեսությունը կփոխենք, այս պահին բոլորին ուզում եմ հայտարարել, նման սպասելիքներ չեն լինելու», - այսպիսի վատատեսական հայտարարությամբ առաջին անգամ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ խորհրդարանի ամբիոնից` Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, արձագանքելով պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցին, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկելու երկրում առկա հրատապ խնդիրները լուծելու համար:

Կարեն Կարապետյանն, ինչպես նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտարարեց՝ կախարդական փայտիկ չունի, ապա անկեղծացավ՝ երկրի տնտեսությունը չափազանց վատ վիճակում է:

«Ես հայտարարել եմ, որ լինելու է երկու փուլային ծրագիր և առաջին փուլի մեջ չեն լինելու արագ փոփոխություններ, այլ լինելու են այլ քայլերը, որոնք որ մենք կարող ենք մոտ ապագայում անել։ Երկրորդ փուլի համար մեզ պետք է ժամանակ, որպեսզի մենք որոշենք, թե որ ուղղությամբ ենք տանելու մեր երկիրը, և սպասելիքներ, որ մենք շատ արագ մեր տնտեսությունը կփոխենք, այս պահին բոլորին ուզում եմ հայտարարել, նման սպասելիքներ չեն լինելու, բայց մենք սիգնալներ ենք տալիս, թե տնտեսությունը, որ ուղղությամբ է զարգանալու», - հայտարարեց վարչապետը։

«Նախկին կառավարության ծրագիրն օգտագործելո՞ւ ենք, թե՞՝ ոչ, այո՛։ Ո՞ր ուղղությամբ ենք տնտեսությունը զարգացնելու, այն ուղղությամբ, որ մենք ստեղծենք մաքսիմալ բարենպաստ պայմաններ հավելյալ արժեք ստեղծողին։ Դա շատ կարող է թվալ ընդհանուր բանաձև է, բայց այս պահին այսքանը, որովհետև, բոլոր ռեյտինգներով, երջանիկ, լավ ապրող երկրները նրանք են, որտեղ գործարար մարդը, ստեղծագործ մարդը, հավելյալ արժեք ստեղծող մարդը իրեն երջանիկ է զգում։ Ռեսուրս ունեցող՝ նավթ, գազ ունեցող երկրները դրա մեջ չեն։ Հիմա, թե քայլերը որո՞նք կլինեն, մենք կներկայացնենք ձեզ», - ասաց Կարապետյանը։

Լյուդմիլա Սարգսյանի դիտարկմանը, թե տնտեսության արագ վերականգնման հետ կապված որևէ հույս չկա դեռ և հարցին, թե ինչ-որ քայլեր մշակվե՞լ են սոցիալական վիճակը բարեփոխելու համար, որ մարդիկ տեսնեն նոր կառավարության արդյունավետությունը, վարչապետը պատասխանեց. - «Իհարկե, նախ հիշեցնեմ, որ ես ընդամենը մեկուկես օր է, որ վարչապետ եմ և ծանոթանում եմ այն մակրոտնտեսական ցուցանիշներին, որը որ կա։ Արագ փոփոխություններ, որ ասում ենք չի լինելու, դա չի նշանակում, որ մենէ քայլ չենք ձեռնարկելու։ Մենք կոնկրետ քայլեր ենք ձեռնարկելու՝ և՛ սոցիալական լարվածության իջեցման ուղղված, և՛ բիզնեսի զարգացման առումով, բայց մենք պետք է հասկանան, որ կախարդական փայտիկ չկա, և այս պահին, ես կարող եմ ասել, որ եթե ուզում ենք մեր տնտեսության մեջ փոփոխություններ անել, պետք է համակարգային փոփոխություններ անել։ Ռեալ մեր տնտեսության վիճակը, բաց, ազնիվ ասում եմ, շատ ծանր է, չափազանց ծանր է»։

Պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ կառավարություն է ձևավորվելու, ինչպիսի կադրեր են լինելու նոր կաբինետում, Կարեն Կարապետյանը խոստացավ՝ նոր կառավարության անդամները հնարավորինս կլինեն արհեստավարժ։

«Կառավարության կազմը ո՞նց ենք ընտրելու, մաքսիմալ պրոֆեսիոնալ։ Կուսակցական պատկանելիությունը դեր խաղալո՞ւ է, թե՞՝ չէ, եթե կադրը պրոֆեսիոնալ է, ուրեմն լավ է։ Լավ կադրերի պակաս կա Նյու Յորքում, Լոնդոնում, Մոսկվայում և, իհարկե, Երևանում», - ասաց Կարապետյանը։

Ի դեպ մի ուշագրավ հանգամանք, թեև կառավարությանը հարց տալու համար գրանցվել էին մեկ տասնյակից ավելի օրենսդիրներ, սակայն, հատուկենտ պատգամավորներ հարցեր ուղղեցին նորանշանակ վարչապետին, նրանց թվում էր նաև Խաչատուր Քոքոբելյանը։

Համաձայնելով, որ տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է, պատգամավորը հարց ուղղեց, թե վարչապետը ինչպե՞ս է պատկերացնում մենաշնորհի և ստվերի դեմ պայքարը:

«Հայտարարում եմ, որ պատրաստ եմ և նման բանաձևով եմ ուզում աշխատել Ազգային ժողովի հետ՝ լինել մինչև վերջ պարզ, բաց և անկեղծ. Հայաստանի Հանրապետության տնտեսությունը բանաձև ունի՞ առանց ստվերի դեմ պայքարելու, վերարտադրվելու, ո՛չ։ Փորձելո՞ւ ենք մենք դա անենք, թե՞՝ ոչ, այո, կհաջողվի՞ մեզ, կտեսնենք։ Տրամադրված ենք շատ վճռական, որովհետև ուրիշ ձև գոյություն չունի, մենք հարկեր փոխելով, բանաձևերև տալով և այդ խնդրի առաջ ենք կանգնած և, գուցե, մոտ ժամանակներս դուրս գանք Ազգային ժողով, մենք տնտեսությունը չենք կարող վերարտադրել։ Մոնոպոլիաները. մոնոպոլիաները միշտ չեն վատը, մոնոպոլիան ինչպե՞ս է առաջանում, բնույթից է կախված, ինքը բնականոն է, թե՞՝ ոչ։ Շուկան փոքր է և էֆեկտիվ աշխատանքի դեպքում, շուկայի աշխատողներից մեկը կարող է մոնոպոլ դիրք շահել, բայց, եթե ինքը դա բնականոն, մրցունակ դաշտում է անում, այլ ոչ թե ադմինիստրատիվ ռեսուրսի հաշվին, դա այլ բան է», - ասաց վարչապետը։

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ փորձեց պարզել, թե արդյո՞ք Կարեն Կարապետյանը կհրաժարվի վարչապետի պաշտոնից, եթե բավական բարձր աշխատավարձով աշխատանքի հրավեր ստանա ռուսական որևէ ընկերությունից։

«Եթե երկու կամ յոթ ամիս հետո «Սուրգութ նևֆթեգազ» կամ «Ինտեր ՌԱՈ ԵԷՍ» ռուսական ընկերություններից որևէ մեկից, օրինակ, առաջարկվի տնօրենների խորհրդի պաշտոնում աշխատանք՝ ենթադրենք 50, 60, 70 կամ ավելի հազար դոլարի համարժեք ռուսական ռուբլով աշխատավարձով, Դուք կհամաձայնե՞ք և կփոխե՞ք Ձեր աշխատանքի վայրը», - վարչապետին հարցրեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

Կարեն Կարապետյանն այսպես պատասխանեց. - «Ձեր հարցում մի ենթադրություն կա, որ ես քաղաքապետի պաշտոնից գնացել եմ այլ բարձր աշխատավարձով աշխատանքի։ Բայց, եթե դուք հիշում եք իմ հարցազրույցի մեջ, դա այդպես չի նշվել, այսօր ես տեղափոխվել եմ Հայաստանի վարչապետի պաշտոնին, եկամուտների տեսակետից, շատ ավելի ցածր աշխատավարձի»։

Նկատենք՝ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի մեկնարկին որևէ մեկը, այդ թվում՝ Ազգային ժողովի նախագահը, չշնորհավորեց նորանշանակ վարչապետին։ Միայն հանրապետական Լևոն Մարտիրոսյանը փորձեց շտկել իրավիճակը։ «Պարոն վարչապետ, ես Ձեզ շնորհավորում եմ, առաջինը լինելով այս դահլիճում, Դուք մեկ ժամից ավել այստեղ նստած եք, շնորհավորանքներ չհնչեցին մեր գործընկերների կողմից, ըստ երևույթին տնտեսության վիճակն իսկապես վատ է», - ասաց Մարտիրոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG