Մատչելիության հղումներ

Ուորլիք․ Ղարաբաղյան խնդրի կարգավորման համար այսօր կան բոլոր պայմանները


ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևանում ասուլիսի ժամանակ, արխիվ
ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևանում ասուլիսի ժամանակ, արխիվ

Անհրաժեշտ է միայն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բարի կամքը, վստահ է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը ենթադրում է որոշ շրջանների վերադարձ Ադրբեջանին՝ Ղարաբաղի կարգավիճակի դիմաց: Սրանք կարգավորման պայմաններն են, բայց ոչ միայն դրանք՝ պայմաններից են նաև փախստականների վերադարձը, միջազգային խաղաղապահ ուժերի ներկայությունը: Միջնորդները աշխատում են, որպեսզի կարողանան մի միջոց գտնել այդ պայմանները մեկտեղելու և խնդիրը հանգուցալուծելու համար: Այդ մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Ինտերֆաքս»-ին տված ընդարձակ հարցազրույցում:

Ամերիկացի համանախագահը անցած շաբաթավերջին «Ինտերֆաքս» գործակալության արտաքին քաղաքականության խմբագրության ղեկավար Օլգա Գոլովանովային տված հարցազրույցում ներկայացրել է ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարները։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում անցկացվել էին խորհրդակցություններ ղարաբաղյան թեմայով, և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդունել էր Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահներին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին։

Ուշագրավ է, որ հարցազրույցում Ուորլիքը մի քանի անգամ ընդգծել է՝ պաշտոնական Վաշինգտոնն ու Մոսկվան չունեն տարբեր մոտեցումներ, օրինակ, ռուսաստանցի լրագրողի հարցին, թե որն է Միացյալ Նահանգների համար ղարաբաղյան խնդրի կարգավորման իդեալական սցենարը, ամերիկացի դիվանագետը պատասխանել է․ - «Նույնը, ինչ և ռուսական կամ ֆրանսիական կողմերի համար: Հակամարտությունը շատ երկար է շարունակվում, չափազանց շատ մարդիկ են զոհվել քսան տարուց ավելի տևող այս հակամարտության հետևանքով: Իսկ խնդիրը կարող է կարգավորվել: Մենք ունենք կարգավորելու համար պայմաններ, այդ պայմանները մեզ հայտնի են»:

Ուորլիքը նաև ընդգծել է, որ կարգավորման մասին կարելի կլինի խոսել միայն այն դեպքում, երբ դրա արդյունքում չլինեն հաղթողներ և պարտվողներ, այն պետք է ձեռնտու լինի բոլոր կողմերի համար․ - «Որպես տարբեր հակամարտությունների կարգավորմանը մասնակցած մարդ՝ գիտեմ, որ բանակցությունները չեն կարող հաջող լինել, եթե կողմերից մեկը ստիպված է լինում գնալ նոր զոհերի և զիջումների։ Բանակցությունները հաջողված են, երբ շահում են երկու կողմերը՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի բնակիչները»:

Հայաստանին և Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցին Ուորլիքը դիվանագիտական պատասխան է տվել, նշելով միայն, որ ի տարբերություն Միացյալ Նահանգների՝ Ռուսաստանը հատուկ երկարամյա հարաբերություններ ունի երկու երկրների հետ։

Ամերիկացի դիվանագետը, այդուամենայնիվ, ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հակամարտող կողմերին վաճառում է միայն պաշտպանողական զենք, այն էլ՝ շատ սահմանափակ քանակով։ Բացի այդ, շեշտել է Ուորլիքը, ԱՄՆ Կոնգրեսը նույնիսկ արգելում է զենք վաճառել Ադրեբջանին, որն այն կարող է օգտագործել Ղարաբաղում:

Հարցազրույցում Ջեյմս Ուորլիքն ասում է, որ խնդրի կարգավորման համար այսօր կան բոլոր պայմանները, և անհրաժեշտ է միայն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բարի կամքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG