Մատչելիության հղումներ

Գուրգեն Արսենյանի հնչեցրած արտահայտությունը վիրավորել է Հայաստանի եզդիական համայնքին


Իրաքում եզդիների կոտորածների թատերաբեմ դարձած Սինջար բնակավայրը, արխիվ
Իրաքում եզդիների կոտորածների թատերաբեմ դարձած Սինջար բնակավայրը, արխիվ

Օրերս Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում Իրաքի եզդիների նկատմամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացրած ցեղասպանությունը դատապարտող նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հնչեցրած արտահայտությունը վիրավորել է Հայաստանի եզդիական համայնքի անդամներին։

Նրանց հոգևոր առաջնորդ Հասան Հասանյանը մեջբերում է Արսենյանին․ - «Ի՞նչ անենք, որ մոտ 3 հազար եզդի է սպանվել: Ընենց է ասում, ոնց որ գայլը ոչխարների հոտի մեջ է մտել, մի քանի հատ ոչխար է կոտորել»:

Հանձնաժողովի նիստի քննարկման տեսանյութում նման արտահայտություն պատգամավորը չի անում։ Եզդի Սաիդ Ավդալյանն ասում է՝ ներկա չի եղել քննարկմանը, սակայն իրեն փոխանցել են, որ Արսենյանն ասել է, պարզապես տեսախցիկը միացնել չեն հասցրել։

Եզդիների ցեղասպանությունը դատապարտող նախագծի համահեղինակ Նաիրա Զոհրաբյանն «Ազատության» հետ զրույցում պատմեց, թե ինչ է տեղի ունեցել հանձնաժողովի նիստում․ - «Արդյո՞ք 3 հազարը թիվ է, որ ճանաչվի ցեղասպանություն, ի պատասխան որի ես ասել եմ, որ ցեղասպանության համապատասխան կոնվենցիայով ցեղասպանություն ճանաչվում է անգամ 10 հոգու միտումնավոր, նպատակաուղղված ոչնչացումը, եթե խնդիրը դրված է եղել դիտավորյալ վերացնել տվյալ էթնիկ կամ կրոնական խմբին: Ես ձեզ ներկայացրեցի իմ և Գուրգեն Արսենյանի ողջ հարց ու պատասխանը»:

Ինքը՝ Արսենյանը, հնչող մեղադրանքներին պատասխանելուց հրաժարվեց։ Գրասենյակը հայտարարություն է տարածել, ավելացնելու ոչինչ չունեմ, ասաց պատգամավորն «Ազատության» հետ զրույցում։ Արսենյանը նշեց, որ դատապարտել է ցանկացած վայրագություն ուղղված մարդկության դեմ, որից հետո կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ չէ շտապողականություն դրսևորել։

Եզդիները, սակայն, Արսենյանի, մեկ այլ միտք էլ են դատապարտում․ - «20-28 հազարը դրա հետևանքներն են: Նմանատիպ հետևանքներ ուկրաինական ու ռուսական կոնֆլիկտի արդյունքում կա Դոնեցկում»:

«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա» ՀԿ նախագահ Սաիդ Ավդալյանը հակադարձում է պատգամավորին․ - «Ի՞նչ է, պարոն Արսենյանի կարծիքով պետք է մեկ միլիոն կամ մեկուկես միլիոն եզդի կոտորվե՞ր, որպեսզի դա ցեղասպանության ֆորմատի մեջ մտներ»:

Արսենյանին մտահոգում է նման հայտարարությունից հետո Հայաստանի անվտանգության հարցը։ Պնդում է՝ ահաբեկչության թիրախ դառնալու ուղիղ ճանապարհ է։ Նաիրա Զոհրաբյանը հակադարձում է․ - «Եթե մենք աշխարհի տարբեր երկրների, ովքեր դեռ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասում ենք, որ՝ դուք ձեր քաղաքական շահերը վեր չպիտի դասեք ճշմարտությունից, նույնը պետք է անենք նաև մենք»:

Նախագծի քվեարկությունը նախատեսվում է հանձնաժողովի հաջորդ նիստի ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG