Վարչապետի փոփոխությամբ Սերժ Սարգսյանը Հայ ազգային կոնգրեսի «Ընտրիր փոփոխությունը» կարգախոսին է արձագանքել, այսօր կես կատակ, կես լուրջ Գյումրիում հայտարարեց ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Մի քանի օր առաջ հրապարակվեց մեր ընտրարշավի գլխավոր կարգախոսը՝ «Ընտրիր փոփոխությունը»: Եվ ահա, պարզվեց, որ առաջին մարդը, ով արձագանքեց մեր կարգախոսին, դա Սերժ Սարգսյանն էր, որը իրականացրեց վարչապետի փոփոխություն և ամբողջ Հանրապետական վերնախավը սկսել է խոսել փոփոխության մասին»:
ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի առաջին օրը Գյումրի ժամանած Զուրաբյանի խոսքով՝ վարչապետի փոփոխությունը հերթական խաբեությունն է, կամ հասարակությանը հերթական անգամ հույս տալու փորձ: Ամեն դեպքում վստահ է, որ եթե համակարգը չի փոխվում, վարչապետի ու մի քանի նախարարների փոփոխությամբ ոչինչ չի փոխվի:
«Մենք ի սկզբանե ասել ենք, որ վարչապետի ֆիգուրով որևէ բան պայմանավորված չէ: Համակարգը մնում է նույնը, իշխանությունը նույնն է՝ դա Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական այս իշխանությունն է, իշխող ռեժիմն է», - հայտարարեց Զուրաբյանը, - «Քանի՞ վարչապետ պետք է փոխեն, որ վերջապես համոզվեք, որ սա արդեն բնության օրենք է»: