Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը հայտարարում է, որ ՊՊԾ գնդի գրավման ընթացքում 3 ոստիկանների սպանության գործում առաջընթաց կա։ Դավթյանն այսօր Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ բավարար ապացույցների համակցման դեպքում հնարավոր է զինված խմբի որոշ անդամների մեղադրանք առաջադրվի։
«Շատ օպերատիվ, շատ լայնածավալ իրականացվում է և առաջիկայում, ձեզ քաջ հայտնի է, որ օրենքով սահմանված կարգով ես չեմ կարող նախաքննական գաղտնիք հրապարակել, բայց ունենք որոշակի արդյունքներ այս առումով և երբ որ օրենքով սահմանված կարգով կհավաքվեն բավարար ապացույցներ, կոնկրետ մարդկանց մեղադրանքներ կառաջադրվեն և այդ մասին դուք կիրազեկվեք», - ասաց Դավթյանը:
Ճշտող հարցին, թե այս պահին կա՞ն մարդիկ, որոնց առաջիկայում հնարավոր է առաջադրվեն մեղադրանքներ սպանության գործով, Դավթյանն արձագանքեց․ - «Որոնց հեռանկարը տեսնում եմ, որ բավարար ապացույցների համակցություն ապահովելու դեպքում մեղադրանք ներկայացվի: [Իրենք «Սասնա Ծռեր»-ից են]բնականաբար»:
Հուլիսի 17-ին ոստիկանության գունդը գրավելու գործով կալանավորվել են 4 տասնյակից ավելի անձիք, մինչ այս պահը, սակայն, նրանցից ոչ մեկին սպանության մեղադրանք չի առաջադրվել։
Գնդի գրավման օրերին գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Գևորգ Կոստանյանը հայտարարել էր, որ եթե «Սասնա ծռեր»-ը զենքերը վայր դնեն, նրանք կազատվեն խիստ պատժից։ Նոր դատախազի թեկնածուն այսօր նույնպես նշեց, որ «Սասնա ծռեր»-ին առաջադրված շենք-շինություններ զավթելու և պատանդներ պահելու մեղադրանքները ունեն մեղմացնող նորմեր, սակայն արդյո՞ք դրանք կիրառելի կլինեն զինված խմբի անդամների նկատմամբ, դժվարացավ պատասխանել:
«Այսինքն՝ քննությամբ պետք է հիմնավորվի՝ արդյոք մենք ունեցել ենք կամովի՞ն պատանդների ազատում, կամովին շենքեր-շինությունների հանձնում, թե՞ ոչ: Վերջնական իրավական գնահատականները քննության արդյունքներով կտանք» ,- նշեց Դավթյանը:
Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը իր հրաժարականը ներկայացրեց օգոստոսի 4-ին։
Արթուր Դավթյանն առայժմ գլխավոր դատախազի պաշտոնի միակ թեկնածուն է՝ առաջադրված Հանրապետական կուսակցության կողմից։ Սահմանադրության համաձայն գլխավոր դատախազին նախագահի առաջարկությամբ նշանակում է ԱԺ-ն՝ 6 տարի ժամկետով։ Խորհրդարանը դեռ արձակուրդի մեջ է, և դատախազի հարցում առայժմ քվեարկություն չի անցկացվել, մինչդեռ Հանրապետականի հավանության արժանացած թեկնածուն այսօր արդեն լրագրողների հետ խոսում էր Գլխավոր դատախազության առաջիկա ծրագրերի մասին։
«Ես կարծում եմ, որ առաջնահերթ խնդիրներից մեկը լինելու է հատկապես մեր աշխատանքի հրապարակայնության ապահովումը։ Առաջիկայում մենք ավելի հաճախակի կշփվենք, մեր աշխատանքը կփորձենք ձեզ ավելի հաճախակի ներկայացնել: Մասնագիտական առումով պարզաբանել մեր կողմից կայացվող որոշումները», - ընդգծեց Արթուր Դավթյանը:
37-ամյա Արթուր Դավթյանը Գլխավոր դատախազությունում սկսել է աշխատել դեռևս 2006 թվականին, վերջին երեք տարիներին եղել է Երևանի դատախազ, իսկ այս տարվա հունիսին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում։ Անդրադառնալով վերջին տարիներին ընդդիմադիր ակտիվիստների ու քաղաքական գործիչների կալանավորման փաստերին՝ Արթուր Դավթյանն այսօր պնդեց, թե այդ որոշումների կայացմանը մասնակից է եղել նաև ինքը և վստահաբար կարող է ասել՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։
«Քաղաքական պատճառով մարդկանց ձերբակալումներ չունենք մեր երկրում, բացառապես ցանկացած ձերբակալում կամ կալանավորում իրականացվում է քրեական դատավարության օրենքով նախատեսված հիմքով և կարգով: Իհարկե պնդում եմ, որ [մենք Հայաստանում քաղբանտարկյալ չունենք]», - ասաց գլխավոր դատախազի թեկնածուն:
Արթուր Դավթյան այսօր խորհրդարանում փակ հանդիպումներ ունեցավ իշխող ՀՀԿ-ի, «Դաշնակցության» ու «Օրինաց երկրի» հետ։ «Դաշնակցության» ղեկավար Արմեն Ռուստամյանը այսօր գլխավոր դատախազի թեկնածուի հետ հանդիպումից հետո ասաց, որ մասնագիտական առումով Դավթյանը խոստումնալից կադր է։ Իսկ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ պնդեց, որ Դավթյանը ոչ միայն իր մտավոր ունակություններով կարող է օգտակար լինել դատախազությանը։
«Ինչու չէ, հաճելի անձնավորություն է, որը իր արտաքինով կարող է դրական տպավորություն թողնել քաղաքացիների վրա, որոնք դիմում են իրենց», - ասաց Բիշարյանը:
Արթուր Դավթյանը մյուս խմբակցությունների հետ կհանդիպի հաջորդ շաբաթ։