Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից


Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի ժամանակ, արխիվ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի ժամանակ, արխիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է ներկայացրել․ գրեթե երկուսուկես տարի վարչապետի աթոռը զբաղեցրած վարչապետը հրաժարական տալու իր մտադրության մասին հայտարարեց այսօր կառավարության նիստի ժամանակ:

«Չնայած ամենօրյա աշխատանքով և սահմանին կանգնած զինվորի անսասան արիությամբ կերտվող 25-ամյա մեր հպարտ անկախությանը, մենք դեռևս անցումային խնդիրներ ունեցող երկիր ենք, որտեղ առկա տնտեսական և սոցիալական իրավիճակի բարելավման համար մեզ անհրաժեշտ են հասարակության և կառավարության միասնական ջանքեր: Իսկ դրա համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր սկիզբ: Այդ պատճառով, ես որոշել եմ հրաժարական տալ և նոր կառավարություն ձևավորելու հնարավորություն ընձեռել նախագահին: Պետք է մտածել մեր բոլորի հաջողության մասին և շանս տալ նոր կառավարությանը՝ կատարված աշխատանքի հիման վրա և նոր մոտեցումներով համախմբելու հասարակությանը», - հայտարարեց Աբրահամյանը:

Հիշեցնենք, ՊՊԾ գնդի հետ կապված զարգացումներից հետո՝ օգոստոսի 1-ին, ելույթ ունենալով հասարակության, իշխանությունների և հոգևոր դասի ներկայացուցիչների առջև, ազգային համաձայնության կառավարության ձևավորման ամսին խոսեց նախագահ Սերժ Սարգսյանը:

Այսօր Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ նաև երկրում առկա խնդիրներին՝ տնտեսական հավասար պայմանների բացակայություն և կոռուպցիա, սակայն ուշագրավ է, որ դրանց գոյության պատճառ նշեց արտաքին գործոնները՝ աշխարհաքաղաքական, արտաքին տնտեսական և անգամ՝ ռազմական մարտահրավերները․ - «Մեր որդեգրած անկեղծ և իրատեսական մոտեցումներն իրենց արդյունքն ունեցան՝ սակայն հասարակությունը դեռևս մնաց բևեռացված: Իմ կարծիքով, դրա հիմնական պատճառներից մեկն աշխարհաքաղաքական, արտաքին տնտեսական և ռազմական մարտահրավերներով սնվող առկա տարաձայնություններն են: Դրանք են, որ դեռևս հնարավորություն չեն ընձեռում մեզ՝ ժողովելով բոլոր ուժերը, հրատապ լուծումներ տալ մեր առջև ծառացած կարևորագույն խնդիրներին՝ տնտեսական հավասար պայմաններ ապահովելուց մինչև կոռուպցիայի դեմ պայքարը»:

Վարչապետի աթոռը Տիգրան Սարգսյանից ժառանգած Աբրահամյանը ակնարկեց՝ 2014թ․-ին պաշտոնը ստանձնել էր ոչ այնքան բարենպաստ իրավիճակում․ - «Երբևէ չեմ խոսել և չեմ խոսելու իմ կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելու պահին առկա իրավիճակի մասին: Դա իմ աշխատաոճը չէ: Սակայն բաց ճակատով խոսելու եմ կառավարության մեր համատեղ աշխատանքով ձեռք բերած արդյունքների մասին»:

Իր կառավարության հաջողություններից նախ առանձնացրեց չորս ջրամբարների կառուցման մեկնարկը, Իրանի և Վրաստանի հետ տարածաշրջանային ինտեգրացիոն և արտահանման մեծ ներուժ ապահովող ենթակառուցվածքային ծրագրերը:

«Չնայած 2015թ արձանագրված էական արտաքին տնտեսական շոկին, տնտեսությունը գրանցեց տարածաշրջանում տիրապետող բացասական միտումներին հակադրվող 3 տոկոս տնտեսական աճ: 2015 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացված հակացիկլային քաղաքականության շնորհիվ այդ տարվա բացասական շոկերն ամբողջապես կլանվեցին մեր տնտեսության կողմից՝ չփոխանցվելով 2016 թվական: Արդյունքում, անգամ շարունակվող գնանկման համատեքստում 2016 թվականի հունվար-հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ գրանցեց 4.8 տոկոս աճ», - հայտարարեց կառավարության՝ հեռացող ղեկավարը:

Աբրահամյանը կրկին հիշատակեց կոռուպցիայի դեմ պայքարը, ասաց, որ հակակոռուպցիոն պայքարի մի ամբողջ փաթեթ է ներկայացվելու հոկտեմբերին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ նիստին, և իր խոսքն ավարտեց ընդգծելով՝ քաղաքականությունից չի պատրաստվում հեռանալ․ - «Որպես քաղաքական կյանքի ակտիվ մասնակից, ես կշարունակեմ հասարակությունում առկա անջրպետները հաղթահարելու իմ առաքելությունը»:

Աբրահամյանը չասաց, թե կառավարության կազմից իր հետ միասին ով է հրաժարական տալիս, նախարարները նույնպես լռեցին:

Լրատվամիջոցները տարբեր անուններ են հրապարակել, թե ով է Հովիկ Աբրահամյանի հետ լքում կառավարությունը, իսկ երբ նախարարներից փորձեցինք ճշտել, խուսափողական պատասխաններ ստացանք:

«Հայկական ժամանակ» պարբերականի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը գնահատում է Հովիկ Աբրահամյանի կառավարության հիմնական նախաձեռնությունները:

«Այնպես է ստացվել, որ յուրաքանչյուր վարչապետ իր հետևից թողնում է որակապես ավելի վատ տնտեսություն, քան իր նախորդը: Եթե մենք ունենք ցուցանիշների որոշակի աճեր կամ նման բաներ, խոսքը վերաբերում է քանակական ցուցանիշներին, իսկ որակական իմաստով Հայաստանում տնտեսությունը գնալով որակազրկվում է: Եվ այստեղ խնդիրը հենց մոնոպոլիաների, կոռուպցիայի չափազանց բարձր մակարդակն է», - «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց Գևորգյանը:

Իր պաշտոնավարման ընթացքում վարչապետը բազմիցս է խոսել մոնոպոլիաների, կոռուպցիայի դեմ պայքարի մասին: «Ազատության» հարցին՝ վարչապետին հաջողվե՞ց սանձել մոնոպոլիաները և կոռուպցիան, «Հայկական ժամանակի» տնտեսական մեկնաբանը պատասխանեց․ - «Վարչապետը, եթե նույնիսկ ցանկանար (ես խիստ կասկածում եմ, որ կցանկանար), նրան դա չէր հաջողվի, որովհետև պայքարել մոնոպոլիաների դեմ, պայքարել կոռուպցիայի դեմ կնշանակի պայքարել իշխանության դեմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG