Մատչելիության հղումներ

Բաքվում մեկնարկում է Հեյդար Ալիևի արձանը պղծած ակտիվիստի դատավարությունը


Ադրբեջան, Բաքու - Հեյդար Ալիևի հուշարձանը «Ծաղիկների տոնին»՝ մայիսի 10-ին, արխիվ
Ադրբեջան, Բաքու - Հեյդար Ալիևի հուշարձանը «Ծաղիկների տոնին»՝ մայիսի 10-ին, արխիվ

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի դատարաններից մեկում այսօր կմեկնարկի քաղաքացիական ակտիվիստ Գիյաս Իբրահիմովի դատավարությունը:

Գիյաս Իբրահիմով, արխիվ
Գիյաս Իբրահիմով, արխիվ

Իբրահիմովը ադրբեջանցի այն երկու ակտիվիստներից մեկն է, ովքեր այս տարվա գարնանը ընդդիմադիր բնույթի գրություններ էին թողել Բաքվի կենտրոնում գտնվող Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանին: Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով, Իբրահիմովն ու հուշարձանի պատվանդանին գրություններ թողած մյուս ակտիվիստը` Բայրամ Մամեդովը «Ձախ ճակատ» (Solfront) ընդդիմադիր շարժման անդամներ են: Ուշագրավ է, սակայն, որ Իբրահիմովին դատում են միանգամայն այլ` թմրանյութերի անօրինական շրջանառություն և վաճառք կազմակերպելու մեղադրանքով: Ադրբեջանի քրեական օրենսգիրքն այս հոդվածներով 5-ից մինչև 12 տարվա ազատազրկում է նախատեսում:

Իրավապաշտպանները վստահ են, որ Գիյաս Իբրահիմովին ներկայացված մեղադրանքը միանգամայն շինծու է և շրջանառության մեջ է դրվել այն բանից հետո, երբ քաղաքացիական ակտիվիստը կտտանքներով ուղեկցված հարցաքննության ընթացքում հրաժարվել էր հուշարձանի պղծման համար մեղայականով հանդես գալ: Ավելին, որոշ տեղեկությունների համաձայն՝ ոստիկանները պահանջում էին, որպեսզի ադրբեջանցի ակտիվիստները այցելեն Կենտրոնական բանկին հարող զբոսայգի և հենց այնտեղ` Ադրբեջանի պետական հեռուստատեսության տեսախցիկների ուղեկցությամբ, ներողություն խնդրեն պղծված հուշարձանից:

Ալիևի հուշարձանը նկարազարդած երկրորդ ակտիվիստ Բայրամ Մամեդովին ևս թմրամիջոցների անօրինական վաճառքի մեղադրանք է առաջադրվել, բայց, ի տարբերություն Իբրահիմովի, նրա դեմ հարուցված գործը դատարան դեռ չի հասել:

Իրավապաշտպանների համոզմամբ՝ ադրբեջանական «Ձախ ճակատի» անդամների ակցիան նման կոշտ արձագանքի է արժանացել նաև այն պատճառով, որ իրականացվել էր այն նույն օրը, երբ Ադրբեջանի իշխող վերնախավը պետական մակարդակով տոնում էր Հեյդար Ալիևի ծննդյան 93-րդ տարեդարձը: 2004 թվականից սկսած Ադրբեջանի իշխանությունները Հեյդար Ալիևի ծննդյան օրը հռչակել են «Ծաղիկների տոն»: Իսկ ակտիվիստները նախկին նախագահի հուշարձանի պատվանդանին «Կեցցե՛ ստրուկների տոնը» գրությունն էին թողել, որը ոչ միայն թափանցիկ ակնարկ էր, այլև բառախաղ. ադրբեջաներենում ծաղիկ և ստրուկ բառերը գրեթե նույն կերպ են գրվում և արտաբերվում:

XS
SM
MD
LG