Մատչելիության հղումներ

Հացահատիկի մշակությամբ զբաղվող գյուղացիները չեն կարողանում իրացնել բերքը


«Երկու տոննա հաճար եմ աղացել, դաստել եմ, կորնգանը դաստել եմ, ցորենը դաստել եմ, ինչ անեմ, ասեք, կառնե՞ք», - հարցնում է հացահատիկի մշակությամբ զբաղվող գյուղացիներից մեկը:

Նրա խոսքով, թեև այս տարի առատ բերք են ստացել, սակայն չեն կարող այն իրացնել։ Պատճառը՝ հիմնականում Ռուսաստանից, մատչելի գներով ցորենի ու գարու ներմուծումը։

Կոտայքի մարզի Զառ գյուղի հողատերերը ստիպված մառաններում կուտակել են բերքը։

«Մոտավորապես մի 30-40 դրամ տարբերություն է տվել էս տարի կիլոգրամի մեջ: Դա արդեն կապված է նրա հետ, որ արտահանում չկա, ներքին շուկան էլ բավարար չի», - ասաց Զազ գյուղի գյուղապետ Լևոն Խաչատրյանը:

«Տեղ չունենք իրացնելու։ Տանում ենք շուկա, առևտրականները 500 դրամով հաճար են ծախում», - ասաց գյուղացիներից մեկը:

«80 դրամ հաճարն ա, 90 դրամ ցորենը, էդ գինն էլ մեզ ձեռք չի տալիս։ 2 մեշոկ կտամ մեկին, 2 մեշոկ կտամ մյուսին, կպրծնի, կգնա», - նշեց մեկ ուրիշ գյուղացի։

Սննդամթերքի անվտանգության ծառայությունից «Ազատության»-ը հայտնեցին, որ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդեն մոտ 36 հազար տոննայով ավելի ցորեն է ներմուծվել։

Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով էլ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ այս տարի Հայաստան է ներմուծվել մոտ 4 հազար տոննայով ավելի գարի։

Իսկ Գյուղնախարարությունում դեռ չեն ամփոփել գյուղատնտեսական տարին։ Բերքահավաքից հետո միայն կխոսեն իրացման մասին։

Տնտեսագետ Հայկ Գևորգյանը ստեղծված իրավիճակը համարում է վտանգավոր ոչ միայն գյուղատնտեսության, այլ նաև Հայաստանի տնտեսության համար։ Պատճառներից մեկը, նրա խոսքով, ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկումն է, ինչի հետևանքով այնտեղից ներկրված ապրանքն էժան է լինում, հայկական ապրանքներն էլ դառնում են պակաս մրցունակ։

«Ինչո՞ւ այդպես ստացվեց, որովհետև մենք դարձանք ԵՏՄ անդամ, մենք փակեցինք մեր սահմանները երրորդ երկրների համար, դարձանք մի տնտեսական տարածքի մաս, բայց այդ տնտեսական տարածքում, որտեղ չկա միասնական դրամավարկային քաղաքականություն։ Այդ պարագայում տնտեսական տարածքը դառնում է աբսուրդ, և արդյունքում մենք ունենք այն, ինչ ունենք», - «Ազատության» հետ զրույցում նշեց Գևորգայնը:

Բացի այն, որ չկա միասնական տնտեսական քաղաքականություն, տնտեսագետի կարծիքով, նաև ցածր է Հայաստանի գյուղատնտեսության արդյունավետությունը։Մինչդեռ տեսականորեն Հայաստանը կարող է արտադրել այնքան գյուղմթերք, որը կկերակրի մի քանի անգամ ավելի շատ բնակչություն ունեցող ևս մի քանի երկրի։

«Մեր գյուղատնտեսությունը արդյունավետ չէ, մեր գյուղատնտեսությունը պետք է լինի արդյունավետ անկախ նրանից, թե մենք ինչ տնտեսական միության անդամ ենք, կամ ում հետ ինչ պայմանագրեր ունենք: Քանի դեռ մրցունակ չի, չի կարող մրցակցել լիաթոք, իսկ ԵՏՄ-ն այն տարածքը չէ, որ կնպաստի հայկական գյուղատնտեսության արդիականացմանը», - ընդգծեց տնտեսագետը։

Տնտեսական պայմանների փոփոխությունները գյուղացիներն անգամ իրենց փոքր տնտեսություններում են զգում։ Գումարում են, հանում, համեմատում ու հանգում եզրակացության՝ տարեցտարի գյուղացու վիճակը վատանում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG