Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը հույս չունի, թե մարզական դատարանի միջոցով հնարավոր է հետ բերել Ռիոյի խաղերում իր կարծիքով իրենից խլված ոսկե մեդալը, այդուհանդերձ, պետք է բողոքի ձայն բարձրացնել հետագայում նման միջադեպերից խուսափելու համար, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ըմբշամարտիկը:
«Ես հիմնական շեշտը կդնեի ոչ թե նրա վրա, որ վերադարձնեն մեր մեդալը, այլ որպեսզի հաջորդ անգամ պարզապես չխանգարեն մեզ կանգնել մեր տեղերում, եթե իհարկե մենք պատրաստ ենք ու հաղթում ենք, թող գոնե չխանգարեն», - ասաց Հարությունյանը:
Երեկ Հայաստանի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են Լոզանի մարզական արբիտրաժային դատարանում բողոքարկել Ռիոյի օլիմպիական խաղերում հայ ըմբիշ Միհրան Հարությունյանի պարտությունը՝ փորձելով արծաթի փոխարեն ոսկե մեդալը ստանալ:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի պնդմամբ՝ այս տարիների ընթացքում Հայաստանից բազմաթիվ մեդալներ են խլվել, հիմա իրենք փորձելու են դա թույլ չտալ:
«Եթե էսօր էս քայլով մենք կարողանանք բոլորին հասկացնել, որ մենք անտարբեր չենք մեզնից գողացված մեդալների համար, այլ պայքարելու ենք, հուսով լինենք, որ հետագա մրցաշարերին մեր հավաքականի հանդեպ կվերաբերվեն արդարացի», - ասաց Լևոն Ջուլֆալակյանը:
20-ամյա դադարից հետո Հայաստանի համար օլիմպիական ոսկե մեդալ նվաճած ըմբիշ Արթուր Ալեքսանյանն էլ հույս հայտնեց, որ իր հաղթանակով կկոտրվի երկու տասնամյակ ստեղծված սառույցը և հաղթանակները կշարունակվեն:
«Դա իմ համար ամենամեծ հաղթանակն է, երբ իմ հաղթանակով մի ամբողջ ազգ է ուրախացել: Ինձ համար դրանից մեծ հաղթանակ գոյություն չունի», - ասաց Արթուր Ալեքսանյանը:
Ալեքսանյանն անդրադարձավ նաև իր մարզադպրոցին, որն, ինչպես հայտնի է, կիսավեր վիճակում է: Երեկ Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարն ասել էր, որ մարզադպրոցի վերականգնումը Գյումրու իշխանությունների լիազորության ներքո է: Օլիմպիական չեմպիոնը, մինչդեռ, ասաց, որ իր հաղթանակը միայն Գյումրիինը չէ, հետևաբար՝ մարզադպրոցն էլ միայն տեղական մարմինների պատասխանատվության ներքո չպետք է լինի:
«Շատ դժվար է այնտեղ մարզվելը, երևի բոլորդ էլ տեսել եք, թե ինչ վիճակ է: Լավ կլինի, որ լավ պայմաններ լինեն: Որ լավ պայմաններ լինեն, այնտեղից մեկ օլիմպիական չեմպիոն չի լինի: Ես հուսով եմ, որ այնտեղից շատ օլիմպիական չեմպիոններ կլինեն», - ընդգծեց Արթուր Ալեքսանյանը:
Օլիմպիական չեմպիոն հայր և գլխավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանը նաև Գյումրու այն մարզադպրոցի տնօրենն է, որտեղ մարզվում է որդին: Ըստ Ալեքսանյանի՝ ինքն ամեն տարի դիմել է իշխանություններին վերանորոգման համար, բայց մինչ օրս լուծում չկա:
«2008 թվականից սկսած ինձ պատասխանները եկել են գրավոր և բանավոր, որ Գյումրու մարզադպրոցը վերանորոգման ցուցակում միշտ առաջինն է և հենց գումար տրամադրվի, վերանորոգվելու է: Եվ էդպես ամեն տարի միշտ տեղափոխվել է հաջորդ տարի: Ես սպասում եմ, տեսնեմ՝ լինելո՞ւ է նույնը՝ ամեն տարի հաջորդ տարի», - ասաց Գևորգ Ալեքսանյանը:
Ընդհանուր առմամբ, Հայաստանի հավաքականը Բրազիլիայի ամառային օլիմպիական խաղերում վաստակեց 1 ոսկե և երեք արծաթե մեդալ՝ 206 երկրների շարքում զբաղեցնելով 42-րդ տեղը: