Մատչելիության հղումներ

ԱՄՆ քաղաքացի Եղնուկյանը խտրողականություն է տեսնում իր և Միրոնովի միջև


Շուրջ մեկուկես ամիս անազատության մեջ գտնվող Միացյալ Նահանգների քաղաքացի Կարո Եղնուկյանը հայտարարում է, որ հայաստանյան դատարանը խտրականություն է դրսևորել իր և Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովի միջև՝ մի դեպքում կայացնելով կալանքի որոշում, իսկ շատ ավելի ծանր հանցագործությունների մեջ կասկածվող ռուսաստանցուն ազատ արձակելով և թույլ տալով վերադառնալ հայրենիք:

Մի շարք ընդդիմադիր գործիչների դատած Մնացական Մարտիրոսյանը, փաստաբան Տիգրան Հայրապետյանի խոսքով, քաղաքական որոշում է կայացրել․ - «Կարո Եղնուկյանը ընդունում է սա խտրական վերաբերմունք իր՝ որպես ԱՄՆ քաղաքացու և Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ: Նույն դատավորի պարագայում երկու այսպիսի իրարամերժ գործողություններ»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը շարունակում է՝ փողերի լվացման և զենքի ապօրինի վաճառքի մեջ կասկածվող Միրոնովի ու «Սասնա ծռերին» աջակցելու մեջ մեղադրվող Եղնուկյանի գործերով դատական որոշումները խոսուն վկայություն են․ - «Տեսնում ենք առաջին անգամ, որ ըստ քաղաքացիության՝ արդեն այլ երկրների քաղաքացիության, նաև կա ընտրողական մոտեցումը»:

Միրոնովը հետախուզվում է Միացյալ Նահանգների իրավապահների կողմից: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն, ի դեպ, ըստ փաստաբանի, հետաքրքրվում է Կարո Եղնուկյանի գործով: Շաբաթներ առաջ ազատ արձակված Ալեք Ենիգոմշյանը համոզված է՝ Եղնուկյանին մեկուսացնում են քաղաքական պայքարից․ - «Ընդհանրապես «Սասնա ծռերին» օժանդակելու մեղադրանքով կալանավորվածները բոլորը քաղաքական հալածյալներ են»:

Եղնուկյանին մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում: Իրավապահները վկայակոչում են նրա ֆեյսբուքյան գրառումներն ու հեռախոսային գաղտնալսումները՝ պնդելով, որ նա կեղծ տեղեկություններ է տարածել, թե իբր գնդի ուղղությամբ տեխնիկա է շարժվում, միջոցներ է ձեռնարկել, որ ցուցարարները Ազատության հրապարակից գնան Խորենացի փողոց: Եղնուկյանը մեղադրվում է ոստիկաններին պատանդ պահելուն աջակցելու մեջ, այն դեպքում, երբ «Սասնա ծռերի» դեմ հարուցված քրեական գործում պատանդ են ճանաչվել միայն բժիշկները:

«Չկա հանցագործություն կատարող, բայց կա հանցագործություն կատարողի օժանդակող․․․ ավելի անհեթեթ մեղադրանք հնարավոր չէ նկարագրել կամ պատկերացնել», - ասում է փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

«Եթե եղել են խոսակցություններ կամ հանդիպումներ, ապա նույն Վիտալի Բալասանյանի նկատմամբ էլ պետք է հետապնդում իրականացնել աջակցության հարցով: Խմբի հանձնվելուց հետո շարունակվում են հանրահավաքները, երթերը, որտեղ հստակ ասում են՝ «Սասնա ծռեր», ուրեմն բոլորին պետք է օժանդակության հիմնավորմամբ ձերբակալեն», - ասում է Արթուր Սաքունցը:

Ալեք Ենիգոմշյանը, ում նույն մեղադրանքն է առաջադրված, տարակուսած է՝ ինքն ինչպե՞ս պիտի տեղեկություններ փոխանցեր «Սասնա ծռեր»-ին․ - «Տեսողական հաշմանդամությունից ելնելով, ես չգիտեմ, թե ինչպես «Սասնա ծռերի» համար օգտակար տեղեկություններ պետք է փոխանցեի, ինչու ես պետք է լինեի այդ տեղեկությունը իրենց փոխանցողը: Պիտի ասեի այսինք փողոցից այսքան զրահամեքենա՞ է մոտենում գնդի տարածք, կամ այսինչ շենքի վրա երկու դիպուկահար է երևում, մյուս շենքի այսինչ պատուհանից մեկ ուրի՞շ: Անհեթեթություն»:

Իր ազատության հարցով Եղնուկյանը դիմել է երրորդ ատյանի՝ Վճռաբեկ դատարան, սակայն դիմումի քննությունը որպես կանոն ամիսներ է տևում: Միաժամանակ նա դատական կարգով բողոքարկում է Գլխավոր դատախազի անգործությունը․ փաստաբանի փոխանցմամբ իրենց բոլոր միջնորդություններն ուղղակի անպատասխան են մնում:

Կարո Եղնուկյանն ընտանիքի հետ Միացյալ Նահանգներից Հայաստան է տեղափոխվել 2009 թվականին, 57-ամյա Եղնուկյանը հինգ երեխաների հայր է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG