Մոսկվան և Վաշինգտոնը չեն կարողացել պայմանավորվել Սիրիայի շուրջ, հայտնում են Bloomberg և Reuters գործակալությունները: Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների «Մեծ Քսանյակի» շրջանակներում կայացած հանդիպումն անցել է գործնական մթնոլորտում, հայտնում է Reuters գործակալությունը՝ Միացյալ Նահանգների պատվիրակության ներկայացուցչին հղում անելով:
Associated Press-ն էլ հաղորդում է, որ հանդիպմանը Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման պայմանավորվել են շարունակել Սիրիայի ճգնաժամը կարգավորելու հարցով բանակցությունները: Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտնել է, որ հանդիպումը լավ է անցել և պայմանավորվածից ավելի երկար է տևել: Պեսկովի փոխանցմամբ, Օբաման և Պուտինը քննարկել են Սիրիայի և Ուկրաինայի հարցերը: Հանդիպումը շուրջ 1.5 ժամ է տևել: Բանակցություններին ներկա են եղել երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները:
Պեսկովի փոխանցմամբ, Օբաման և Պուտինը նաև առանձնազրույց են ունեցել:
Չինաստանում առանձին, ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Երեկ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել էր, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև կան լուրջ տարաձայնություններ Սիրիայի հարցի շուրջ, սակայն նաև հավելել էր, որ այսօրվա հանդիպումը առանցքային դեր պետք է խաղա Սիրիայում հրադադարի մասին որևէ պայմանավորվածության համար։
Եթե դատեք արևմտյան լրատվամիջոցների տարածած հաղորդագրություններից Միացյալ Նահանգները և Ռուսաստանը չեն կարողացել պայմանավորվածություն ձեռք բերել։ Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերրին, սակայն, նախատեսում են նորից հանդիպել առաջիկա օրերին հայտնում է ռուսաստանյան «Նովոստի» գործակալությունը:
Մինչդեռ այսօր Սիրիայի մի շարք քաղաքներում պայթյուններ են տեղի է ունեցել, որոնց հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել։