Մատչելիության հղումներ

ԱԺ փոխնախագահ․ Պետք է համախմբվենք հանուն համահայկական խնդիրների լուծման


ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ

Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը և Միքայել Մանուկյանը, Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Էմիլիո Մոնսոյի հրավերով սեպտեմբերի 2-ին աշխատանքային այցով մեկնել է Արգենտինա:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ նախատեսվում են խորհրդարանական պատվիրակության հանդիպումներն Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Գաբրիելա Միչետիի, Պատգամավորների պալատի նախագահ Էմիլիո Մոնսոյի, Արգենտինա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների, Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Պատվիրակությունը երեկ Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու առաջնորդարանում հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի, թեմական խորհրդի, արգենտինահայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ժամանակ իր ելույթում Շարմազանովը, մասնավորապես, ասել է․ - «Դուք հայտնվել եք հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու, քանի որ մեկ դար առաջ Թուրքիայի հանցագործ իշխանությունները որոշեցին աշխարհում մեկ հայ թողնել և այն էլ թանգարանում՝ իրագործելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Սակայն, հայերիս՝ ազատ և անկախ հայրենիքում ապրելու ցանկությունն այնքան հզոր գտնվեց, որ անգամ Ցեղասպանությունը չկարողացավ չեզոքացնել անկախության ձգտումը: <...> Մարդկության դեմ իրագործված ոճրագործությունները վաղեմության ժամկետ չունեն: Մենք շնորհակալ ենք բարեկամ Արգենտինային, որ ընդունել և օրենքի ուժով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Աշխարհը պետք է դատապարտի ոճրագործներին, ինչպես նաև պայքարի թուրքական ժխտողականության դեմ, քանի որ ցեղասպանության ժխտումը նույնքան հանցավոր է, որքան ցեղասպանության իրականացումը»:

«Ապրիլյան քառօրյա պատերազմը վերահաստատեց, որ մի քանի ժամում ողջ հայությունը կարող է համախմբվել համընդհանուր գաղափարի շուրջ, այն է՝ պայքարել հանուն ազատ և անկախ Արցախի: Հենց այդ միասնության հաղթական ոգին էր, որ թույլ չտվեց ադրբեջանցիներին հաջողություն գրանցել: Սակայն մեր պայքարը դեռ չի ավարտվել. մենք պետք է համախմբվենք հանուն համահայկական խնդիրների լուծման: Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է միասնություն և համերաշխություն: Մեր համատեղ ջանքերի շնորհիվ պետք է հասնենք նրան, որ միջազգային հանրությունը հարգի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքն ու ճանաչի Արցախի անկախությունը, քանի որ ազատ և անկախ Արցախի գոյությանն այլընտրանք չկա», - հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահը Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG