Մատչելիության հղումներ

Պաշտոնական Երևանը հերքում է, որ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Աբխազիայի փոխնախագահի հետ


Պաշտոնական Երևանը կտրականապես հերքում է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Աբխազիայի իշխանության ներկայացուցիչների հետ: Համապատասխան հայտարարություն այսօր արել է Վրաստանի փոխարտգործնախարար Գիգի Գիգիաձեն՝ տեղի ունեցածը «հերթական շահարկում» որակելով, այս մասին հայտնում է «Эхо Кавказа» պարբերականը:

Այսօր ավելի վաղ վրացական ԶԼՄ-ներում շրջանառվում էին տեղեկություններ, որ Հայաստանի նախագահը Ստեփանակերտում հանդիպումներ է ունեցել Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչների հետ:

«Հայկական կողմի պարզաբանմամբ, օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչների հետ ոչ մի հանդիպում տեղի չի ունեցել: Սա հերթական քաղաքական շահարկումն է, որին հաճախ դիմում են օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները», - լրագրողներին ասել է Գիգիաձեն: Նա նշել է, որ դժվարանում է մեկնաբանել այն լուսանկարը, որտեղ պատկերված են Սերժ Սարգսյանը և Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության փոխնախագահ Վիտալի Գաբնիյան:

«Հնարավոր է, որ պատկերված է եղել որոշակի իրավիճակ կամ մարդկանց մի խմբի իրավիճակային լուսանկար, ես չեմ կարող դա մեկնաբանել, որովհետև ես տեղեկատվություն չունեմ: Պաշտոնապես ես կարող եմ հաստատել, որ կա հայկական կողմի միանշանակ պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ ոչ մի հանդիպում չի եղել», - ասաց Վրաստանի արտգործնախարարի տեղակալը:

Սարգսյանի ու Գաբնիայի համատեղ լուսանկարն այսօր Facebook սոցկայքում տարածել է Աբխազիայի փոխարտգործնախարար Կան Տանիյան:

Լեռնային Ղարաբաղի կողմից անկախության հռչակման 25-ամյակի կապակցությամբ ԼՂ ղեկավար Բակո Սահակյանի կողմից այսօր տրված ճաշկերույթին ներկա են եղել ինչպես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, այնպես էլ չճանաչված կամ մասնակի ճանաչված երեք կազմավորումների՝ Աբխազիայի (ճանաչված՝ Ռուսաստանի կողմից), Հարավային Օսիայի (ճանաչված՝ Ռուսաստանի կողմից) և Մերձդնեստրի «պաշտոնական» պատվիրակությունների ղեկավարները:

ԼՂ արտգործնախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Ստեփանակերտ են ժամանել Աբխազիայի փոխնախագահ Վիտալի Գաբնիան, Հարավային Օսիայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կոնստանտին Պուխաևը և Մերձդնեստրի տարածաշրջանային զարգացման նախարար Պյոտր Գուժևը: ԼՂ ԱԳՆ-ից նաև հայտնեցին, որ բացի վերը նշված պատվիրակություններից, որևէ այլ ճանաչված կամ չճանաչված երկրի «պաշտոնական պատվիրակություն» չի ժամանել Լեռնային Ղարաբաղ՝ մասնակցելու տոնական միջոցառումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG