Մատչելիության հղումներ

Աղավնաձորցիները որոշեցին 15 օր էլ սպասել մթերված խաղողի պարտքի մարմանը


Արդեն տասը ամիս մթերված խաղողի գումարը չստացած Վայոց ձորի Աղավնաձոր գյուղի բնակիչները այսօր առավոտյան ի նշան բողոքի փակել էին դպրոցի մուտքը:

«Երեխաները հագուստ չունեն, չենք կարող նաև գրքերի գումարը վճարել», - ասում էին ցուցարարները:

«Վեդի-Ալկո» ընկերությունն ու տեղի մյուս գործարանները արենի տեսակի խաղող մշակող գյուղացիներին ավելի քան 140 միլիոն դրամ են պարտք: Գյուղացիների խոսքով, 10 ամիսների ընթացքում պարտքի մարման բազմաթիվ վերջնաժամկետներ են հայտարարվել:

Վերջին հինգ օրվա ընթացքում միայն սպիտակ ոսկեհատ տիպի մթերված խաղողի գումարն է վճարվել, որը գյուղացիների խոսքով՝ պարտքի չնչին մասն է կազմում։

Դպրոցի տնօրեն Նահապետ Մանուկյանի խոսքով, այսօր 22 առաջին դասարանցիների էին պատրաստվում դիմավորել, սակայն զարդարված դասասենյակը դատարկ է մնացել։

«Հետագայում ինչ ընթացք կստանա՝ այս պահին չգիտեմ», - ասաց տնօրենը:

Դպրոցում միայն ուսուցիչներն էին, ովքեր նշում էին, որ համակարծիք են գյուղացիների հետ, սակայն տեսախցիկի առաջ խուսափում էին խոսել՝ նշելով, որ տնօրենը, գյուղապետը թույլ չեն տվել։ Դպրոցի բակում հավաքված տասներորդ դասարանցիներն էլ ասում էին, որ միանում են ծնողների ակցիային։

Երեկոյան Աղավնաձոր ժամանեցին Վայոց ձորի մարզպետն ու «Վեդի-Ալկոյի» տնօրենը: Մարզպետը գյուղացիներին խնդրեց երեխաներին դպրոց թողնել՝ խոստանալով, որ 15 օրից գումարը վճարվելու է։

Հարություն Սարգսյանին հարցրեցինք՝ շուրջ մեկ տարի չվճարված գումարը որտեղի՞ց է գտնվելու։ Մարզպետը պատասխանեց, որ «Վեդի-Ալկո» ընկերությանը մատչելի պայմաններով վարկ է տրամադրվելու: Գյուղացիները «Վեդի-Ալկոյի» տնօրեն Մանվել Ղազարյանից էին ուզում հավաստիացումներ ստանալ, նրանք նշում էին, որ այսօր հնչած խոստումներին էլ չեն հավատում։ Աղավնաձորցիներն, այնուամենայնիվ, որոշեցին ևս 15 օր սպասել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG