Վերաքննիչ դատարանն այսօր հետաձգեց «Սասնա ծռերի» անդամ Սեդրակ Նազարյանի կալանքի բողոքարկման քննությունը։
Պաշտպան Լուսինե Սահակյանի խոսքով, իրեն չէին տեղեկացրել նիստի մասին։
Սեպտեմբերի 7-ին նշանակված նիստին խափանման միջոցից բացի, կքննարկվի նաև Նազարյանի կալանքի օրինականության հարցը, թեև մինչև օրս Վերաքննիչ դատարանը զինված խմբի անդաներից որևէ մեկի դեպքում առաջին ատյանի որոշումը չի փոփոխել։
«Բողոքարկվել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դատարանի որոշումը: Միաժամանակ, քանի որ առաջին ատյանում մեր կողմից միջնորդություն է ներկայացվել գրավը կիրառել որպես այլընտրանքային խափանման միջոց, դատարանը դա ևս չի կիրառել, նաև այդ հարցով ենք բողոք ներկայացրել», - նշեց Սահակյանը:
Անազատության մեջ գտնվող Նազարյանը դեռևս լուրջ առողջական խնդիրներ ունի. փաստաբանի խոսքով՝ դիպուկահարի կրակոցից ստացած հրազենային վիրավորումից հետո վիրահատության ժամանակ հեռացվել է նրա թոքի մի մասը: Այժմ Նազարյանը առողջական վիճակը գնահատվում է բավարար, թեև դեռ պետք է անցնի կազդուրման երկարատև փուլ․ - «Իհարկե, հետվիրահատական լուրջ խնդիրներ դեռևս կան: Բավականին երկար ժամանակ է պահանջվում, որպեսզի նա պատշաճ ապաքինվի: Մենք ժամանակին էլ բարձրաձայնել ենք, որ նա «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ չպիտի տեղափոխվեր, որովհետև նա անմիջապես վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել էր հիվանդասենյակ, և փաստորեն գիշերային ժամին նրա նկատմամբ ընտրվեց կալանքը որպես խափանման միջոց, և նա տեղափոխվեց դատապարտյալների հիվանդանոց: Կարծում ենք, որ նրա բուժումը, իհարկե, պետք է շարունակվեր համապատասխան մասնագիտացված կլինիկայում»:
Սեդրակ Նազարյանից բացի, «Սասնա ծռերի» անդամներից ևս 6-ը գտնվում են հիվանդանոցում։ Նրանցից Պավել ու Արամ Մանուկյանների և Արմեն Լամբարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի խոսքով, իր 3 պաշտպանյալների առողջական վիճակն էլ ծանր է․ - «Արամ Մանուկյանին արդեն վիրահատել են, պետք է ապաքինվի: Այսինքն բավականին երկարատև պրոցես է դա, իսկ առաջիկա երկու շաբաթների ընթացքում, ըստ բժիշկների, պետք է տեղի ունենա Պավել Մանուկյանի և Արմեն Լամբարյանի վիրահատությունը»:
Փաստաբանը նշեց, որ առանձնապես ակտիվ չեն ընթանում քննչական գործողություները, իսկ այսօր դրանք առհասարակ չեն կայացել «Դատապարտյալների հիվանդանոցի» աշխատակիցների պատճառով, որոնք խոչընդոտել են փաստաբանի մուտքը այդ հաստատություն․ - «Ինչպես միշտ անցանք այդ կետերով և երբ որ հասանք մի տեղ, որտեղ պետք է հանձնվեր վկայականը և հեռախոսը, այդ կինը արդեն ներկայացել էր, ես պայուսակս բացեցի, որպեսզի նա զննի, բայց աշխատակիցները խոչընդոտեցին իմ մուտքը: Եկավ նաև այնտեղ իրենց վերադասներից, ասաց, որ ոչ, այսօր այդպես չի լինելու, Դուք պարտավոր եք հետ վերադառնալ»:
Մուտքի մոտ, փաստաբանի այցի ժամանակ նախկինում արդեն տասնյակ անգամներ անցկացված ստուգումներից բացի, այս անգամ պահանջել են, որ Իննեսա Պետրոսյանը գնա այլ մասնաշենք, որպեսզի նրա թղթապանակը ստուգվի հատուկ սարքով, կամ առաջարկել են թողնել պայուսակը և բարձանալ իր պաշտպանյալների հետ հանդիպման․ - «Ես ինչպես կարող եմ իմ պայուսակը հանձնեմ, եթե իմ պայուսակի մեջ են գտնվում, օրինակ, ինչ-որ եզրակացությունների պատճեներ, որոնց պետք է ծանոթանար իմ պաշտպանյալը»:
Հատուկ անցագրով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատողական հիմնարկ գնացած փաստաբան Պետրոսյանը տեղի ունեցածում դիտավորություն է տեսնում։