Մատչելիության հղումներ

Զախարովա․ Մինսկի խմբի համանախագահները Մոսկվայում խորհրդակցություն են անցկացնելու


Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովա
Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովա

Սեպտեմբերի 8-ին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Մոսկվայում խորհրդակցություն են անցկացնելու: Այս մասին երեկվա բրիֆինգում հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, հավելելով, որ պլանավորված է նաև միջնորդների հանդիպում Ռուսաստանի արտգործնախարարության ղեկավարության հետ:

Քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հրատապ հարցերը, ուշադրություն է դարձվելու Վիեննայում մայիսի 16-ին և Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած գագաթաժողովների պայմանավորվածությունները իրականացնելու ընթացքի վրա, ինչպես նաև հետագա աշխատանքի հեռանկարները:

Մարիա Զախարովան նշել է, որ Մոսկվայում կայանալիք հանդիպումը հերթական խորհրդակցություններից է, որոնք կանոնավոր անցկացվում են Մոսկվայում, Վաշինգտոնում և Փարիզում և որոնց հիմնական նպատակն է համակարգել երեք երկրների ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Մոսկվայում միջնորդների խորհրդակցությանը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր մասնակցության մասին որևէ լուր չկա, սակայն Նալբանդյանը և Մամեդյարովը այս օրերին շփումների մեջ են միջնորդ երկրների ներկայացուցիչների հետ:

Օգոստոսի 31-ին հեռախոսով զրուցել են Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները՝ Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը: Այս հեռախոսազրույցի մասին Ռուսաստանի արտգործնախարարության կայքում տեղադրված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ նախարարները քննարկել են երկկողմ արտաքին քաղաքական փոխգործակցության որոշ հարցեր, ինչպես նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Այդ օրը Էդվարդ Նալբանդյանը Փարիզում էր: Նա հանդիպել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի հետ: Ղարաբաղի հարցով միջնորդ երկրների արտգործնախարարների մակարդակով անցկացվող հանդիպումներին Ֆրանսիայից սովորաբար մասնակցում է ոչ թե արտաքին գործերի նախարարը, այլ պետքարտուղար Հարլեմ Դեզիրը: Երեկ Փարիզում կայացած Նալբանդյան – Դեզիր հանդիպման մասին Հայաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ զրուցակիցները անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին՝ ընդգծելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարևորությունը:

Այսօր Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մասնակցում են Գերմանիայի Պոտսդամ քաղաքում անցկացվող ԵԱՀԿ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Նրանց մասնակցության մասին հաղորդում է ռուսաստանյան ՏԱՍՍ պետական գործակալությունը:

ԵԱՀԿ-ում այժմ նախագահում է Գերմանիան․ այդ երկրի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ԵԱՀԿ գործող նախագահն է: Հանդիպման նախօրեին նա հանդես էր եկել ուղերձով, որում նշված է՝ այսօրվա աշխարհում, որը լի է բազմաթիվ ճգնաժամերով, ԵԱՀԿ-ի դերը ավելի կարևոր է քան երբևէ՝ վերահսկելու ճգնաժամերը Արևելյան Ուկրաինայում, Մերձդնեստրում և Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև այլ հակամարտությունները Եվրոպայում՝ նպատակ հետապնդելով պահպանել խաղաղություն և անվտանգություն:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ավելի վաղ հաղորդել էր, որ Պոտսդամում Էլմար Մամեդյարովը ելույթ է ունենալու:

Պոտսդամի հանդիպմանը քննարկվելու են տարածաշրջանային հակամարտությունները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Քննարկվելու են նաև սպառազինությունների վերահսկման, ահաբեկչության դեմ պայքարի հարցերը, փախստականների խնդիրը: Նալբանդյան – Մամեդյարով երկկողմ հանդիպում պաշտոնապես նախատեսված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG