Մատչելիության հղումներ

Հարազատները պատմում են ընդդիմադիր ակտիվիստների թիրախավորման մասին


Շուրջ մեկ ամիս է ընդդիմադիր ակտիվիստ Վահագն Ղումաշյանը անազատության մեջ է Սարի թաղում զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով: Բողոքը մերժել է նաև Վերաքննիչ ատյանը՝ երկամսյա կալանքը գրավով էլ չփոխարինելով:

Վահագնի դեմ կան ոստիկանական ցուցմունքներ, թե քարեր է նետել իրենց ուղղությամբ, մինչդեռ հայրն ասում է՝ ոչ միայն այդ օրը, այլ երբևէ նա Սարի թաղում չի եղել:

«Ոչ միայն վկաներ կան, որ էդ ժամերին ինքը եղել է տանը, այլև տղաս հեռախոսազանգեր է ընդունել և հեռախոսազանգեր է կատարել այլ թաղամասից, АТС-ից շատ հեշտ է ճշտել, թե ինքը այդ ժամին որտեղ է գտնվել։ Ինքը եղել է ընկերոջ տանը՝ Մաշտոցի պողոտայում», - պատմեց հայրը:

29-ամյա Վահագն Ղումաշյանը «Հիմնադիր խորհրդարան»-ի օպերատորն է, ընդդիմադիր շարժման միջոցառումներն էր տեսանկարահանում: Ոստիկանության գնդի տարածքի գրավման օրերին մի քանի անգամ բերման է ենթարկվել Խորենացի փողոցից: Հոր խոսքով՝ իրավապահները սպառնացել են, ծեծել որդուն, որ չմասնակցի ցույցերին:

«Հենց այնպես տասնյակ անգամներ տարել են, երկու օր պահել, բաց թողել: Այնքան են խփել՝ գլխի արյունը լիճ է կազմել մեքենայի մեջ: Փաստեր կան: Իր ապարատն են կորցրել կամ գողացել: Տղաս միարժեքորեն քաղաքական դատապարտյալ է», - հայտարարեց նա:

Ճիշտ նույն սցենարով ու մեղադրանքով կալանավորված է նաև «Հիմնադիր խորհրդարանի» մեկ այլ երիտասարդ ակտիվիստ՝ Հովհաննես Ղազարյանը: Մոր փոխանցմամբ, իր որդին ևս Սարի թաղի դեպքերից առաջ արդեն իրավապահների թիրախում էր:

«Երեք անգամ երեխային կալանավորել են 72 ժամով էդ օրերին: Հետո երկու, թե երեք օր ինքը տանն էր: Ես ասացի, որ Հովհաննեսը դուրս չգա, բայց ինքը չլսեց՝ դուրս եկավ: Շենքի մոտից իրեն թիրախավորեցին, մինչև երկու-երեք շենք դեպի այն կողմ երեխային երեք մեքենայով հետևեցին և բռնեցին: Հետո զանգահարեցին, ասացին, որ կալանավորված է՝ «Նուբարաշենի» քրեակատարողականում է», - պատմեց մայրը:

Հովհաննեսը նույնպես, մոր խոսքով, այդ օրերին բռնությունների է ենթարկվել ոստիկանական բաժանմունքներում․ - «Երեխային շատ ահավոր ծեծի էին ենթարկել, կարելի է ասել՝ խոշտանգել էին, որովհետև երբ ես գնացի իրեն տեսնելու, երեսը ամբողջովին կապտուկներ էր և արյունզեղումներ»:

Ոստիկանների ուշադրության կենտրոնում Հովհաննեսը դեռ Ամանորի գիշերվանից է, երբ փորձել էր տոնածառի հանդերձանքով մուտք գործել Ազատության հրապարակ ու բռնության ենթարկվել: Սարի թաղում նա եղել է, բայց, ըստ փաստաբանի, որևէ տեսանյութ չկա, որտեղ կերևա, թե քարեր է նետում, ինչպես վկայել են ոստիկանները: Առայժմ հայտնի չէ՝ կա՞ն արդյոք տուժողներ: Հովհաննեսի վերաքննիչ բողոքը ևս մերժվել է, սակայն նա գրավի միջնորդություն չի ներկայացրել, որովհետև, փաստաբանի խոսքով, այս պահին ծնողները համապատասխան ֆինանսական հնարավորություններ չունեն:

24-ամյա Հովհաննեսը ցուցմունք է տվել միայն իրեն ծեծի ենթարկելու վերաբերյալ, բայց գործն այս մասով տեղից չի շարժվել:

Երկու երիտասարդների տեսակցությունների վրա արգելք է դրված, միայն փաստաբանի միջոցով են շփվում հարազատների հետ: Թե՛ Վահագնի հայրը, և թե՛ Հովհաննեսի մայրը ասում են՝ այսքանից հետո էլ զավակներին պայքարից հետ չեն պահելու, միայն մտածում են նրանց պաշտպանել հետապնդումներից:

«Իմ աղջիկը ավարտեց Բրեմենի համալսարանը, կարող էր Գերմանիայում մնալ․ իմ աղջիկը վերադարձել է հայրենիք, իմ տղան պետք է հայրենիքում ապրի: Բայց եթե այսպես շարունակվի, մենք ժամանակավոր քաղաքական ապաստարան կխնդրենք տղայիս համար, որովհետև ես տղա չունեմ կորցնելու: Ինչի՞ համար են տարել, որովհետև տղաս նկարում է ոստիկանության քաջագործությունները: Իրավունք ունի՝ դա իր աշխատանքն է: Ճիշտ է՝ չէր վճարվում, բայց ես դժգոհ չէի», - ասում է Վահագնի հայրը:

«Արդարություն են ուզում ընդամենը այդ երեխաները, ուրիշ ոչինչ: Ես ինքս էլ հիմա մասնակցում եմ [բողոքի ակցիաների], այդտեղ ոչ մի վատ բան չեմ տեսնում բացարձակապես», - ասում է Հովհաննեսի մայրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG