«Ապրիլյան մարտական գործողությունները գալիս են կրկին հաստատելու, որ հայրենիքի պաշտպանությանն անվերապահ նվիրվածությունը մեր բանակին հաղորդում է դիմահար, առանց օտարի վրա հույս դնելու, բախման մեջ ախոյանի քանակն ու զինանոցը չեզոքացնելու մրցակցային առավելություն», - հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ այսօր ելույթ ունենալով պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի նորակառույց շենքի և ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար-կոթողի բացման հանդիսավոր արարողությանը:
«Այդ մրցակցային առավելությունն է, որ գոյամարտի հենց առաջին օրերից և բանակաշինության բոլոր տարիներին եղել ու մնում է մեր զինուժի հաղթաթուղթը, որը առօրյա ծառայության և մարտական գործողությունների ժամանակ պետք է պահեն ու զարգացնեն նաև հրամանատարաշտաբային ֆակուլտետի շրջանավարտները», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Սերժ Սարգսյանը:
«Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ինստիտուցիոնալ հիմքի վրա է դրվել ամբողջական սպայական կրթություն ապահովելու գործընթացը` նախազորակոչային պատրաստությունից մինչև ավագ և բարձրագույն սպայական կազմերի կրթության փուլերը: Կարծում եմ՝ սա լուրջ ձեռքբերում է», - նշել է նախագահը՝ շարունակելով․ - «Սպայակազմն, ըստ էության, պետության ողնաշարն է, և հավատում եմ, որ այդ ամրությունն ուժեղանում է նրանց գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացմամբ: Այս գործընթացում առանցքային դերերից մեկը պատկանում է ռազմական կրթությանը»:
«Բարձրագույն ռազմական կրթության այս հաստատությունը գումարտակ-բրիգադ օղակում մեր հրամանատարներին և շտաբային սպաներին կտրամադրի համազորային, համատեղ, համապետական և բազմազգ օպերատիվ միջավայրում կողմնորոշվելու, որոշում ընդունելու և գործելու իմացություն՝ զուգահեռաբար ապահովելով նրանց որակավորումը՝ որպես ռազմական կառավարման մագիստրոսներ: Համոզված եմ, որ հրամանատարաշտաբային ֆակուլտետը դառնալու է քննադատական, ստեղծագործական և համակարգային մտածելակերպով օժտված հայոց զինուժի ավագ սպայակազմի կրթության դարբնոցը», - ասել է Սերժ Սարգսյանը:
Միջոցառմանը մասնակցել են ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հարազատներ, ՀՀ ՊՆ զինված ուժերի, ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավար կազմը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, կրթության և գիտության նախարարը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ, հայաստանյան այլ բուհերի ռեկտորներ, հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրներ, կուրսանտներ:
Զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար-կոթողի բացման և օծման արարողությունից հետո նախագահը և արարողության մասնակիցները ծաղիկներ են դրել խաչքարին, հարգանքի տուրք մատուցել:
Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել հրամանատարաշտաբային ֆակուլտետի նորակառույց շենքում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ուսումնառության պայմաններին: Բուհի պատասխանատուների ներկայացմամբ, հրամանատարաշտաբային ֆակուլտետի նոր մասնաշենքի շահագործումը հնարավորություն է ընձեռում ոչ միայն արդյունավետ կազմակերպել և անցկացնել սպայական կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը, այլև ստեղծել ռազմական գիտության տեսության մշակման համար ենթակառուցվածքային և ինստիտուցիոնալ նախադրյալներ: Ֆակուլտետի կազմում մտնում են միջազգային և ազգային անվտանգության, ռազմարվեստի, ռազմամասնագիտական ամբիոնները: