Հայաստանի կառավարությունը երբևէ չի քննարկել և չի պատրաստվում քննարկել «Գազպրոմ Արմենիա»-ի նկատմամբ Երևանի ՋԷԿ-ի կուտակած պարտքերի դիմաց կայանը վաճառելու տարբերակը։ Այդ մասին հայտարարում է էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը իր պաշտոնական կայքէջում հրապարակած հաղորդագրությունում՝ հավելելով․ - «Այնպես որ, վերջին օրերին զանգվածային լրատվական միջոցներով շրջանառվող տարաբնույթ մեկնաբանությունները, որոնք վերաբերում են Երևանի ՋԷԿ-ի հնարավոր վաճառքին, որևէ առնչություն չունեն իրականության հետ»։
Նախարարությունը նշում է, որ գազի դիմաց Երևանի ՋԷԿ-ի ունեցած պարտքերը «ամենևին էլ նոր չեն»․ - «Նշված խնդրի վերաբերյալ լրատվամիջոցներում բազմիցս եղել են քննարկումներ։ Տարօրինակ է, որ այն կրկին հայտնվեց օրակարգում»։
«Առկա պարտքի կառուցվածքը մանրամասն ներկայացվել է դեռևս այս տարվա մայիսի 12-ին ՀՀ կառավարության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագրում, որի շրջանակներում Համաշխարհային բանկը տրամադրեց 30 միլիոն դոլարի վարկ։ Բազմիցս հայտարարվել է, որ վարկի մի մասը ուղղվելու է «Գազպրոմ Արմենիա»-ի նկատմամբ Երևանի ՋԷԿ-ի պարտքի մասնակի մարմանը», - ասված է հաղորդագրությունում:
«Էներգետիկ համակարգի ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում՝ վերջին ամիսներին պարտքի զգալի մասը մարվել է։ Այժմ այն կազմում է ոչ թե 52,3 միլիոն, այլ՝ 33,8 միլիոն դոլար։ Պարտքի մնացած մասի մարումը նախատեսվում է իրականացնել առաջիկայում», - հայտնում է էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:
Երևանի ՋԷԿ-ի ֆինանսական առողջացման նպատակով էներգետիկայի և բնական պաշարների նախարարի ստեղծած հանձնաժողովի կողմից արդեն իսկ ձեռնարկվել են միջոցառումներ՝ կայանի ֆինանսական վիճակի բարելավման, ծախսերի օպիմալացման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ «Արդյունքներն արդեն տեսանելի են։ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ՀՀ նախագահին ներկայացրել է մանրամասն ծրագիր, որով նախատեսվում է մինչև 2017թ. օգոստոսի 1-ը (հերթական սակագնային տարվա սկիզբը) իրականացնել Երևանի ՋԷԿ-ի ֆինանսական առողջացման փաթեթի գերակշիռ մասը», - ասված է հաղորդագրությունում:
«Ազատության» հարցազրույցը էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի հետ՝ քիչ անց